17:55  ,  7 հոկտեմբերի, 2016

Քրիստոֆ Դաում. Չեմ ասի, որ Հայաստանի դեմ խաղալու ենք հարձակողական ֆուտբոլ

Վաղվա խաղում յուրաքանչյուրը կարող է ասել, որ ինքն է ֆավորիտը: Մենք ցանկանում ենք գոլ խփել եւ հաղթել. դա է կարեւոր:

Այս մասին հայտարարեց Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը՝ նախախաղային ասուլիսում խոսելով Հայաստանի ազգային թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման մասին:

«Եվրո-2016-ից հետո մեր թիմում փոխվել է այն, որ ունենք նոր մարզիչ եւ կան նաեւ նոր խաղացողներ: Մենք դիտել ենք Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ խաղը: Հայաստանի թիմը կարող էր ոչ ոքի խաղալ, եթե օգտագործեր իր գոլային պահը: Ֆիզիկապես եւ տեխնիկապես թիմը լավ էր խաղում: Չեմ ասում, որ վաղը խաղալու ենք հարձակողական ֆուտբոլ: Պետք է պահպանենք բալանսը, քանի որ Հայաստանի թիմի հակագրոհները վտանգավոր են: Ամեն խաղում նոր խաղացողների ենք փորձում: Կարծում եմ՝ Չեռնոգորիայի դեմ խաղում ամեն ինչ ճիշտ արեցինք: Դա լավագույնն էր, ինչի կարող էինք հասնել այդ խաղում:

Մոտիվացիան եւ մարտահրավերները նույնն են մնացել: Գուցե հիմա ավելի լավ ծանոթ եմ մեր դժվարություններին: Մեծ ուշադրություն ենք դարձնում մեր համակարգին, սակայն ամեն բան երկրորդական է, քանի որ բոլորն ուշադրություն են դարձնում ազգային հավաքականի խաղերին: Ֆուտբոլում ամենակարեւորը վերջնական արդյունքն է, եւ մենք հիմա պայքարում ենք դրա համար:

Ակումբում եւ հավաքականում մարզչական աշխատանքը տարբեր է: Ակումբում ունես ավելի շատ ժամանակ ֆուտբոլիստներին ծանոթանալու համար: Իսկ հավաքականում ամենակարեւոր մարդը գլխավոր մարզիչն է:

Իհարկե, Մխիթարյանը հրաշալի խաղացող է: Մենք խոսել ենք Միրչա Լուչեսկուի հետ, որը նրան մարզել է «Շախտյորում»: Ոչ ոք չի վիճում, որ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է:

Վաղվա խաղում յուրաքանչյուրը կարող է ասել, որ ինքն է ֆավորիտը: Մենք ցանկանում ենք գոլ խփել եւ հաղթել. դա է կարեւոր: Իսկ, թե ով կհամարվի ֆավորիտ, այնքան էլ կարեւոր չէ: Եվրո-2016-ում մենք տեսանք, որ շատ ֆավորիտներ միավորներ կորցրին: Վաղվա խաղում մեր թիմի ավագը կլինի Դրագոժ Գրիգորեն»,- ասաց գերմանացի մասնագետը:

Հայաստան - Ռումինիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով