09:44  ,  19 սեպտեմբերի, 2016

Աշխարհի առաջնություն. Հայ ըմբիշները դարձյալ չեն օգտվել մեդալ նվաճելու շանսից

Թբիլիսիում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմին չի հաջողվել նվաճել մեդալ: 

Առաջնության երկրորդ օրը Հայաստանն ունեցել է 5 ներկայացուցիչ, որոնցից երեքը հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Արսեն Հարությունյանը (54 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:6 հաշվով պարտվել է ղազախ Աբզալ Օկենովին, Արման Ավագյանը (76 կգ)՝ ուկրաինացի Անդրեյ Գիկային (7:7), իսկ գերծանր քաշային Աշոտ Ռուստամյանը 0:3 հաշվով տանուլ է տվել հնդիկ Վիկի Վիկիի դեմ բրոնզե մեդալի համար գոտեմարտը:

63 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկել էր թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով (4:2), իսկ քառորդ եզրափակիչում 3:8 հաշվով պարտվել էր բուլղարացի ըմբիշին եւ լքել պայքարը: 46 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն է կրել որակավորման փուլում:

Հիշեցնենք, որ աշխարհի պատանեկան առաջնության առաջիին օրը Հայաստանն ունեցել էր 4 ներկայացուցիչ, որոնք մեդալ չէին նվաճել:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Թբիլիսիում նվաճել էր 3 բրոնզե մեդալ: Երրորդ տեղն էին գրավել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը եւ 85 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում