09:15  ,  8 հուլիսի, 2016

Հովհաննես Բաչկովը նվաճեց Հայաստանի հերթական օլիմպիական ուղեգիրը

Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր է նվաճել Վենեսուելայում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում:

Երկրորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը 3:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին եւ, դուրս գալով եզրափակիչ, ապահովել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Բաչկովն առավելության էր հասնել Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմամբ: Սա Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վերջին վարկանիշային մրցաշարն է, իսկ Հայաստանը նվաճեց 32-րդ ուղեգիրը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականից ավելի վաղ օլիմպիական ուղեգիր էին ապահովել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69կգ):

Մինչեւ այս Հայաստանից Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրեր է նվաճել 8 մարզաձեւից 31 մարզիկ. հունահռոմեական ըմբշամարտ՝ 4 ուղեգիր, ազատ ոճ՝ 4 ուղեգիր, բռնցքամարտ՝ 5, ծանրամարտ՝ 7 (տղամարդիկ՝ 5, կանայք՝ 2), մարմնամարզություն՝ 3, աթլետիկա՝ 5, լող՝ 2, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1 (սպիտակ քարտով):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում