00:49  ,  7 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիան եզրափակիչում է, Ռոնալդուն կրկնեց Պլատինիի ռեկորդը (ֆոտոշարք)

Պորտուգալիայի հավաքականը դարձավ Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասան Ուելսի հավաքականի նկատմամբ:

Լիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում թիմերը ստեղծեցին մի քանի գոլային պահեր, սակայն գոլ խփել չհաջողվեց: Դժվար էր մեկնարկային 45 րոպեներին նախապատվությունը տալ թիմերից մեկին, քանի որ խաղն անցնում էր հավասար պայքարում:

Երկրորդ խաղակեսում պորտուգալացիներն ավելի ուժեղ էին եւ սկզբնամասում խփեցին 2 գոլ: Հաշիվը 50-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար հարձակվող Միշել Պլատինիի ռեկորդը: Մինչ ուելսցիները փրձում էին հետ բերել կորցրածը, Պորտուգալիան խփեց երկրորդ գոլը: Հաշիվը 53-րդ րոպեին 2:0 դարձրեց իսպանական «Վալենսիայի» նորեկ Լուիշ Նանին: Բրիտանացիներին չէր հաջողվում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ Պորտուգալիայի թիմը շատ վստահ տեսք ուներ պաշտպանությունում: Վերջնամասում ուելսցիներին ոչինչ չտվեց նաեւ տարածքային առավելությունը, իսկ պորտուգալացիները կորցնելով մի քանի պահեր, պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կրկնելով 2004 թվականի հաջողությունը: Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը շատ ակտիվ էր եւ մասնակցում էր իր թիմի գրեթե բոլոր գրոհներին, սակայն աչքի ընկնել չհաջողվեց:

Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ում առաջին հաղթանակը տարավ հիմնական ժամանակում: Խմբային փուլի 3 խաղերն էլ Ֆերնանդու Սանտուշի թիմն ավարտել էր ոչ ոքի, իսկ 1/4 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր լեհերին:

31-ամյա Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցեց Եվրոպայի 3 առաջնությունների կիսաեզրափակիչներին:

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին վիճարկելու են աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ու Ֆրանսիան:

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա - Ուելս՝ 2:0

Կրիշտիանու Ռոնալդու, 50, Լուիշ Նանի, 53

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Բրունու Ալվեշ, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Դանիլու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 79), Ռենատու Սանչես (Անդրե Գոմեշ, 74), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի (Ռիկարդու Կուարեժմա, 86), Կրիշտիանու Ռոնալդու:

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Ջեյմս Քոլինզ (Ջոնաթան Ուիլյամս, 66), Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Սեմ վուկս, 58), Ջո Ալեն, Էնդի Քինգ, Ռոբսոն Կանու (Սայմոն Չերչ, 68), Գարեթ Բեյլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս