20:25  +04,  19 հունիսի, 2016

Կարեն Աղամալյան. Հայաստանը հավակնում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի եւս երկու ուղեգրի

Բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական թիմը, հնարավոր է, 6 բռնցքամարտիկով հանդես գա Ռիո-2016-ին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորած թիմը օրերս վերադարձավ կիեւյան հավաքից եւ նախապատրաստվում է օլիմպիական հավաքի մեկնարկին Ծաղկաձորում։

Ռիոյի-2016-ի օլիմպիական ուղեգրեր են նվաճել Արթուր Հովհաննիսյանը(49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյան (69 կգ): Հայ բռնցքամարտիկները օլիմպիական ուղեգրերը նվաճել են Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում։

Պարոն Աղամալյան, Սամսունի մրցաշարից հետո խոսվում էր, որ Հովհաննես Բաչկովը կունենա օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն: Ինչպե՞ս եւ ո՞ր մրցաշարում է Բաչկովը փորձելու օլիմպիական վարկանիշ ձեռք բերել։

ԱԻԲԱ-ն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին հնարավորություն է տվել մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Հուլիսի 3-8-ը Վենեսուելայում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին մասնակցելու է նաեւ Հովհաննես Բաչկովը։ Այստեղ միայն պրոֆեսիոնալներն են պայքարելու վարկանիշների համար, այն բռնցքամարտիկները ովքեր չեն անցկացրել 15-ից ավելի մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում։ Քանի որ սիրողական բռնցքամարտիկների վերջին վարկանիշային մրցաշարը Բաքվում է եւ մենք չենք մեկնելու Բաքու,  Հայաստանի Օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նպատակուղղված աշխատում են այս ուղղությամբ, որ Հովհաննես Բաչկովին թույլ տրվի վարկանիշ ձեռք բերելու հնարավորությունը օգտագործել պրոֆեսիոնալների համար նախատեսված մրցաշարում։

Մեզ առավելություն է տալիս այն, որ մենք չենք մեկնելու Բաքու, դրանից ելնելով իրավունք կստանանք մասնակցել պրոֆեսիոնալների մրցաշարին։ Այդպես նաեւ թույլտվություն է ստացել Վենեսուելա մեկնել Ուկրաինայի հավաքականի 91 կգ քաշային, աշխարհի մրցանակակիր Գեւորգ Մանուկյանը՝ բացառության կարգով, որ հայ է եւ չի կարող մասնակցել Բաքվի մրցաշարին։ Պրոֆեսիոնալների մրցաշարում առաջին, երկրորդ եւ մաքուր երրորդ տեղերն են տալիս օլիմպիական վարկանիշ։

Ինչպե՞ս կգնահատեք Հովհաննես Բաչկովի հնարավորությունները։ Կկարողանա՞ պրոֆեսիոնալների մրցաշարում ուղեգիր նվաճել։

Այս պահին Հովհաննես Բաչկովը շատ լավ մարզավիճակում է։ Նա թիմի հետ մասնակցեց Կիեւի հավաքին։ Նա ունի առավելություն պրոֆեսիոնալների նկատմամբ. 3 ռաունդանոց մենամարտի ժամանակի մեջ գիտի՝ ինչպես բաշխել ուժերն ըստ ռաունդների։ Պրոֆեսիոնալները սովոր են 8 ռաունդանոց մենամարտերի։ Նրանց համար բարդ կլինի 3 ռաունդում մենամարտել։

Բաչկովը մինչեւ հուլիսի 3-ը կմարզվի Գյումրիում, Վենեսուելա կմենկի մարզիչ Մեխակ Ղազարյանի հետ։ Քանի որ մենք սկսում ենք ծաղկաձորյան հավաքը, ես չեմ կարող 4 օլիմպիականին թողնել եւ Բաչկովի հետ մեկնել մրցման։ Կարծում եմ՝ Բաչկովը կվերցնի ուղեգիր։ Միակ մտահոգությունս այն է, որ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ օվկիանոս է անցնելու. բարդ կլինի մարզավիճակը վերականգնելը։

Ստացվում է՝ Օլիմպիական խաղերին, հնարավոր է, մասնակցենք 5 բռնցքամարտիկով, ինչը երբեւէ չի եղել հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Ասեմ ավելին՝ շատ հնարավոր է 6 մասնակից ունենանք։ Սրանք դեռ նախնական խոսակցություններ են, դեռ չեմ զրուցել Արթուր Գեւորգյանի հետ։ Իմ ունեցած տեղեկություններով, գուցե Վենեսուելայի մրցաշարին Հայաստանից վարկանիշի համար պայքարի նաեւ ամերիկաբնակ, մեր նախկին բռնցքամարտիկներից 60 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանը։ Դեռ պարզ չէ, բայց խոսակցություններ կան։ Նա այժմ ԱՄՆ-ում մարզվում է, պատրաստվում է։ 

Շատ լավ կլինի, որ Օլիմպիական խաղեր մեկնենք 6 մարզիկներով։ Սա նախադեպը չունեցող պատմական իրադարձություն կլինի։ Ունեցել ենք 4 մասնակից Պեկինի Օլիմպիական խաղերում, բայց 5 կամ 6 բռնցքամարտիկներով երբեք չենք մասնակցել Օլիմպիական խաղերի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ