00:50  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց թուրքերին (ֆոտոշարք)

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Եվրո-2016-ի D խմբում եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Երկրորդ տուրում իսպանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքերի դարպասը եւ ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգիր:

Նիցայում կայացած խաղի առաջին խաղակեսում Իսպանիան ուներ նկատելի առավելություն եւ խփեց 2 գոլ: Վիսենտե Դել Բոսկեի թիմը գրոհներով սկսեց խաղը եւ սկզբնամասում ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, սակայն թուրքերին հաջողվեց աստիճանաբար հանգստացնել խաղը: Իսպանացիները դարձյալ ակտիվացան խաղակեսի վերջնամասում եւ առավելությունը վերածեցին գոլերի: 34-րդ րոպեին հաշիվը բացեց Թուրինի «Յուվենտուսի» ռմբարկու Ալվարո Մորատան, որի գոլից 3 րոպե անց աչքի ընկավ նաեւ Վիգոյի «Սելտայի» հարձակվող Նոլիտոն:

Ընդմիջումից քիչ անց Իսպանիան խփեց երրորդ գոլը: Հրաշալի գրոհի արդյունքում դուբլ ձեւակերպեց Մորատան: Երկրորդ խաղակեսում իսպանացիների առավելությունն ավելի նկատելի էր եւ նրանք ժամանակի մեծ մասը վերահսկում էին գնդակը, թեեւ նոր գոլեր չխփեցին: Թուրքերը եւս անցկացնում էին գրոհներ եւ ստեղծեցին գոլային պահեր, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել էր Չեխիային, իսկ թուրքերը նույն հաշվով պարտվել էին խորվաթներին: Երկրորդ տուրի մյուս խաղում Խորվաթիան ու Չեխիան խփել էին 2-ական գոլ: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 21-ին կկայանան Իսպանիա - Խորվաթիա եւ Չեխիա - Թուրքիա դիմակայություններ:

Եվրո-2016, երկրորդ տուր

D խումբ

Իսպանիա - Թուրքիա՝ 3:0  

Ալվարո Մորատա, 34, 48, Նոլիտո, 37

Իսպանիա. Դավիդ դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (Սեզար Ասպիլիկուետա, 81), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Կոկե, 71), Դավիդ Սիլվա (Բրունո Սորիանո, 64), Նոլիտո, Ալվարո Մորատա:

Թուրքիա. Վոլկան Բաբաջան, Հական Բալտա, Գյոկհան Գյոնյուլ, Մեհմեթ Տոպալ, Ջաներ Էրկին, Հական Չալհանօղլու (Նուրի Շահին, 46), Սելջուկ Ինան (Յունուս Մալի, 70), Արդա Թուրան, Օգուզհան Օզյակուպ (Օլջայ Սահան, 62), Օզան Թուֆան, Բուրակ Յիլմազ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով