21:56  ,  17 հունիսի, 2016

Եվրո-2016. Խորվաթիայի ֆանատները «խանգարեցին» սեփական թիմին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը հաղթանակը բաց թողեց Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրում: Մրցակիցը Չեխիայի հավաքականն էր, որ մինչեւ 76-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2:

Սենտ Էթյենում կայացած հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը:

Ընդմիջումից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նաեւ կրկնապատկեց խորվաթների առավելությունը: Խորվաթիան նկատելիորեն գերազանցում էր մրցակցին եւ թվում էր, որ ոչինչ չի կարող խանգարել նրանց հաղթանակին, սակայն չեխերը դրսեւորեցին կամային բարձր որակներ: 76-րդ րոպեին Չեխիան կրճատեց հաշիվը փոխարինման դուրս եկած Միլան Շկոդայի գոլի շնորհիվ: 87-րդ րոպեին խաղը դադարեցվեց, քանի որ խորվաթ ֆանատները բազմաթիվ ճայտրուկներ նետեցին խաղադաշտ: Խորվաթ ֆուտբոլիստները մոտեցան տրիբունային եւ փորձեցին հանգստացնել իրենց երկրպագուներին, ինչից հետո խաղը շարունակվեց եւ տխուր ավարտ ունեցավ Խորվաթիայի համար: Փոխարինման դուրս եկած Տոմաշ Նեցիդն ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփեց չեխերի երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում խորվաթները 1:0 հաշվով հաղթել են թուրքերին, չեխերը նույն հաշվով պարտվել են Իսպանիայի թիմին: Օրվա վերջին խաղում Եվրոպայի գոծող չեմպիոն Իսպանիան Թուրքիայի հետ կմրցի Նիցայում:

Եվրո-2016. D խումբ, երկրորդ տուր

Չեխիա - Խորվաթիա՝ 2:2

Միլան Շկոդա, 76, Տոմաշ Նեցիդ, 90+3 (11մ) – Իվան Պերիշիչ, 37, Իվան Ռակիտիչ, 59

Չեխիա. Պետր Չեխ - Պավել Կադերժաբեկ, Տոմաշ Սիվոկ, Ռոման Հուբնիկ, Դավիդ Լիմբերսկի, Յարոսլավ Պլաշիլ (Տոմաշ Նեցիդ, 86), Վլադիմիր Դարիդա, Տոմաշ Ռոսիցկի, Իրժի Սկալակ (Յոզեֆ Սուրալ, 67), Լադիսլավ Կրեյչի, Դավիդ Լաֆատա (Միլան Շկոդա, 67):

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դոմագոյ Վիդա, Իվան Ստրինիչ (Սիմե Վրսալկո, 90+8), Դարիո Սռնա, Վեդրան Չորլուկա, Իվան Պերիշիչ, Իվան Ռակիտիչ (Գորդոն Շչինդելֆերլդ, 90+7), Լուկա Մոդրիչ (Մատեո Կովաչիչ, 62), Միլան Բադել, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Մանջուկիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով