00:51  ,  15 հունիսի, 2016

Եվրո-2016. Ամուր Իսլանդիան դիմակայեց Պորտուգալիային (ֆոտոշարք)

Պորտուգալիայի հավաքականը ոչ ոքիով մեկնարկեց Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: F խմբի առաջին տուրի երկրորդ խաղում պորտուգալացիները 1:1 հաշվով ավարտեցին Իսլանդիայի դեմ խաղը, որում ունեին հսկայական առավելություն:

Պորտուգալիայի հավաքականը Սենտ Էթյենում կայացած խաղը սկսեց գրոհներով, բայց կարող էր արագ գոլ բաց թողնել: Չորրորդ րոպեին «Սուոնսիի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը չգրավեց դարպասը հարմար դիրքից: Պորտուգալացիները շատ ավելի ակտիվ էին եւ աստիճանաբար ստացան նկատելի առավելություն: Առաջին իրական գոլային պահը եղավ 21-րդ րոպեին, երբ «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Նանին Լուիշ Նանին չկարողացավ գլխի հարվածով գրավել Իսլանդիայի դարպասը: Քիչ անց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն նախ կատարեց գլխի շեղ հարված, իսկ հետո կորցրեց իրական գոլային պահ: Պորտուգալացիները խաղային առավելությունը գոլի վերածեցին 32-րդ րոպեին, երբ հաշիվը բացեց Նանին: Գոլից հետո Պորտուգալիայի թիմը նվազեցրեց ճնշումը, բայց պահպանում էր առավելությունը: Խաղակեսի վերջնամասում էլ խաղի տեմպը բարձր էր, իսկ իսլանդացիներին հաջողվել էր խաղը հանել սեփական կիսադաշտից, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Երկրորդ խաղակեսը եւս պորտուգալացիները սկսեցին շատ ակտիվ, սակայն 50-րդ րոպեին հաշիվն անսպասելիորեն հավասարվեց: Պորտուգալիայի հավաքականի պաշտպանները սեփական տուգանային հրապարակում մոռացել էին շվեյցարական «Բազելի» խաղացող Բիրկիր Բյարնասոնին, որը չվրիպեց մահացու դիրքից՝ 1:1: Խփած գոլից հետո Իսլանդիայի թիմը մոտ 15 րոպե չէր կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Պորտուգալացիներն ունեին հսկայական առավելություն եւ հաճախ անհանգստացնում էին մրցակցի դարպասապահին, բայց իրական գոլային պահեր չկային: Պորտուգալիան ֆուտբոլ էր խաղում, իսկ Իսլանդիան վստահ պաշտպանությամբ շարժվում էր դեպի իր երազանքների 1 միավորը: Ամենաիրական պահը 85-րդ րոպեին ունեցավ Ռոնալդուն, որի գլխով հարվածից հետո իսլանդացի դարպասապահ Հանես Հալդոուրսոնը դարձյալ փրկեց իր թիմին: Իսլանդիայի հավաքականն իր պատմության առաջին միավորը վաստակեց Եվրոպայի առաջնություններում, որին մասնակցում է առաջին անգամ:

Հիշեցնենք, որ F խմբի առաջին խաղում Հունգարիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր ավստրիացիներին: Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 18-ին կմրցի Ավստրիայի հետ, իսկ Իսլանդիան ու Հունգարիան կհանդիպեն իրար:

Եվրո-2016. F խումբ, առաջին տուր

Պորտուգալիա – Իսլանդիա՝ 1:

Լուիշ Նանի, 31 - Բիրկիր Բյարնասոն, 50

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Ռաֆայել Գերերո, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Վիեյրինյա, Ժոաո Մոուտինյո (Ռենատու Սանչես, 71), Ժոաո Մարիու (Ռիկարդու Կուարեժմա, 76), Դանիլո, Անդրե Գոմեշ (Էդեր, 84), Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արանսոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն (Էլմար Բյարնասոն, 90), Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Ալֆրեդ Ֆինբոգասոն, 81), Յոն Դադի Բեդվարսոն:

Դավիթ Եղիազարյան

3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով