21:52  ,  11 հունիսի, 2016

Եվրո-2016. Բեյլի գոլն ու Ուելսի հաղթական նորամուտը (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի B խմբի առաջին խաղում հանդիպեցին Ուելսի ու Սլովակիայի հավաքականները, որոնք նորամուտը նշեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում: Հաջողությունն ուղեկցեց բրիտանական թիմին՝ 2:1:

Թիմերը բավական ակտիվ սկսեցին Բորդոյում կայացած խաղը: Արդեն չորրորդ րոպեին Սլովակիայի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը կարող էր բացել հաշիվը, սակայն վրիպեց հարմար դիրքից:

Քիչ անց բրիտանացիները բացեցին հաշիվը: 10-րդ րոպեին տուգանայինից գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի հարվածից հետո սլովակների դարպասապահ Մատուշ Կոզաչիկը բավական անվստահ գործեց:

Խաղի սկզբնամասում ուելսցիներն ավելի լավ տեսք ունեին, իսկ Սլովակիան չէր կարողանում վերգտնել իր խաղը: Հանդիպման տեմպն աստիճանաբար նվազեց, իսկ գոլային պահեր գրեթե չկային: Խաղակեսի վերջնամասում սլովակներն ակտիվացել էին, բայց ապարդյուն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով: 60-րդ րոպեին սլովակները կատարեցին 2 փոխարինում, իսկ մեկ րոպե անց խփեցին պատասխան գոլը: Հաշիվը 1:1 դարձրեց փոխարինման դուրս եկած Օնդրեյ Դուդան:

Գոլից հետո Սլովակիան ավելի ակտիվացավ, բայց ուելսցիները հաղթահարեցին այդ ճնշումը եւ կարողացան վերջնամասում հաղթանակ կորզել: Բրիտանացիների հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած հարձակվող Ռոբսոն-Կանուն: Վերջնամասում սլովակները կարող էին փրկվել պարտությունից, եթե Ուելսին գոլից չփրկեր դարպասաձողը:

Ուելսը դարձավ Մեծ Բրիտանիան ներկայացնող առաջին հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով:

B խմբում ընդգրկված են նաեւ Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականները, որոնք հունիսի 11-ին կհանդիպեն Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում:

Եվրո-2016, առաջին տուր

B խումբ

Ուելս - Սլովակիա՝ 2:1

Գարեթ Բեյլ, 10, Ռոբսոն-Կանու, 81 - Օնդրեյ Դուդա, 61

Ուելս. Դենի Ուորդ, Կրիստոֆեր Գանտեր, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Ջեյմս Չեստեր, Էշլի Ուիլյամս , Ջո Ալեն, Դեւիդ Էդվարդս (Ջոն Լեդլի, 69), Աարոն Ռեմզի (Ջազ Ռիչարդս, 89), Գարեթ Բեյլ, Ջոնաթան Ուիլյամս (Ռոբսոն-Կանու, 71):

Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Դուշան Շվենկո, Պետրիկ Գրաշովսկի (Օնդրեյ Դուդա, 60), Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս (Միրոսլավ Ստոխ, 84), Ռոբերտ Մակ, Միխալ Դյուրիշ (Ադամ Նեմեց, 60):

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով