21:04  ,  9 հունիսի, 2016

Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Փարիզում մեկնարկած Grand Chess Tour-ի առաջին մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի պարտիա է անցկացրել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն է կրել սեւ ֆիգուրներով: Պարտիան կայացել է երրորդ տուրում: Նախքան այդ Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ, առավելության է հասել ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի նկատմամբ: Չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ամերիկացի Ուեսլի Սոն է:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա): Արագ խաղի մրցաշարը կավարտվի հունիսի 10-ին: Հունիսի 11-ին եւ 12-ին կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը:

Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հունիսի 15-21-ին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս