01:35  ,  29 մայիսի, 2016

«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալը» ռեկորդային 11-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Թիմերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը եւ հենց սկզբից անցան գրոհների: Առաջին իրական գոլային պահն ունեցավ «Ռեալը», որը չօգտվեց դրանից: 6-րդ րոպեին ուելսցի Գարեթ Բեյլի իրացրած ստանդարտ դիրքից բրազիլացի Կազեմիրոն հարված կատարեց մահացու դիրքից, սակայն Յան Օբլակն «Աթլետիկոյին» փրկեց գոլից: «Ռեալն» ավելի վտանգավոր էր գրոհում եւ 15-րդ րոպեին բացեց հաշիվը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Գոլից հետո խաղի պատկերը փոխվեց: Հանդիպման տեմպը բավական ցածր էր: «Աթլետիկոն» ավելի շատ էր լինում գնդակով, սակայն չէր կարողանում ստեղծել վտանգավոր պահեր, իսկ «Ռեալը» չէր շտապում զարգացնել հաջողությունը:

Ընդմիջումից անմիջապես հետո «Աթլետիկոն» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն 48-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը վրիպեց 11 մետրանոցից: Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի թիմն ավելի ակտիվ էր եւ սկզբնամասում ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր: Այնուամենայնիվ, «Աթլետիկոյին» չէր հաջողվում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ, իսկ «Ռեալը» խաղում էր երկրորդ համարով ու պաշտպանվում վստահ: 70-րդ րոպեին Զինեդին Զիդանի թիմը կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց Քարիմ Բենզեմայի առաջխաղացումն ավարտվեց Յան Օբլակի վստահ սեյվով: Քիչ անց «Ռեալից» մեկ գրոհի ժամանակ գոլային պահ կորցրին Կրիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը, ինչից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Ընդմիջմանը փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն 79-րդ րոպեին խփեց «Աթլետիկոյի» պատասխան գոլը: Բաց թողած գոլից հետո «Ռեալն» ակտիվացավ եւ սկսեց գրոհել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատարել էր բոլոր փոփոխությունները, իսկ Դիեգո Սիմեոնեն՝ միայն մեկը: Լրացուցիչ ժամանակում խաղի տեմպը չափազանց ցածր էր, իսկ ֆուտբոլիստների մոտ զգացվում էր հոգնածություն: Արքայական ակումբն ավելի հաճախ էր գրոհում, բայց վտանգավոր պահեր գրեթե չկային: Լրացուցիչ 30 րոպեներին դարպասի գրավումներ չարձանագրվեցին եւ նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին «Ռեալի» ֆուտբոլիստները: «Ռեալից» 11 մետրանոցն անվրեպ իրացրին Լուկաս Վասկեսը, Մարսելոն, Գարեթ Բեյլը, Սերխիո Ռամոսը եւ Կրիշտիանու Ռոնալդուն: «Աթլետիկոյից» դիպուկ էին Անտուան Գրիզմանը, Գաբին ու Սաուլը, իսկ ճակատագրական վրիպումը թույլ տվեց իսպանացի պաշտպան Խուանֆրանը:

Զինեդին Զիդանը դարձավ Չեմպիոնների լիգայում հաղթած առաջին ֆրանսիացի մարզիչը: Նա 7-րդ մարդն է, որն այս մրցաշարում հաղթում է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Աթլետիկոյին» հաղթել էր նաեւ 2 տարի առաջ (4:1): Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում էլ «Ռեալը» Դիեգո Սիմեոնեի թիմին դուրս էր թողել քառորդ եզրափակիչից։ Մադրիդյան ակումբը Եվրոպայի ուժեղագույնն էր հռչակվել նաեւ 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014 թվականներին:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)

Սերխիո Ռամոս, 15 - Յաննիկ Ֆերեյրա Կարասկո, 79

Չիրացված 11 մետրանոց՝ Անտուան Գրիզման, 48 («Աթլետիկո»)

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ (Դանիլո, 52), Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս (Իսկո, 72), Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Լուկաս Վասկես, 77):

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Ստեֆան Սավիչ, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս (Լուկաս, 109), Գաբի, Աուգուստո Ֆերնանդես (Յաննիկ Կարասկո, 46), Սաուլ Նյիգես, Կոկե (Թոմաս Տետի, 116), Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում