16:10  ,  29 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել երեխաներին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 29-ին անակնկալ այցելություն է կատարել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երեխաների շրջանում, հայտնում է ՀՖՖ կայքը։ 

Մխիթարյանը սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ, լուսանկարվել գրեթե բոլորի հետ։ Երեխաները սկսել են վանկարկել Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչեւ ֆուտբոլիստը ցանկացել է շնորհավորել  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանել են Հայր Մերը, որին միացել է նաեւ Հենրիխը:

«Նախեւառաջ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ եւ ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասել է Մխիթարյանը:

Այնուհետեւ Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնել է նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացել են անպայման ֆուտբոլ դիտել եւ խաղալ, իսկ ամենակարեւորը՝ շատ կարդալ այդ համագարգիչների օգնությամբ:

Վերջում երեխաները ներկայացրել են իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունն են հայտնել Հենրիխ Մխիթարյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում