15:54  ,  28 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Հայաստանի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 26-ամյա կիսապաշտպանը՝ տեղադրելով լուսանկար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությանը պարգեւատրվել է նաեւ Երեւանի «Արարատի» ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը ճանաչվել էր տարվա լավագույն մարզիչ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեի անդամները, աշխատակազմը եւ հյուրեր: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելուց հետո հանձնել է լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի մրցանակները, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ եւ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: «Ոսկե գնդակ» մրցանակից բացի, նա կստանա 4 միլիոն դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում