22:21  ,  13 դեկտեմբերի, 2015

«Բորուսիան» հաղթեց խոշոր հաշվով, Մխիթարյանի գոլն ու անհավանական վրիպումները

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Այնտրախտի» գերմանացի հարձակվող Ալեքս Մեյերը, բայց մինչեւ ընդմիջում գնալը տանտերերը խփեցին պատասխան գոլը: 24-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին խաղակեսի վերջնամասում նաեւ կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: 44-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սլոբոդոն Մեդոեւիչը հեռացվեց խաղադաշտից, իսկ «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Քանակական առավելություն ստացած դորտմունդցիները երկրորդ խաղակեսում ունեին մեծ առավելություն եւ խփեցին եւս 3 գոլ: Ընդմիջումից քիչ անց աչքի ընկավ Օբամեյանգը, իսկ 62-րդ րոպեին «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը հաշիվը դարձրեց 3:1: Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը կորցրեց եւս մեկ իրական գոլային պահ՝ չկարողանալով գրավել դատարկ դարպասը: Նա փոխարինվեց 82-րդ րոպեին՝ 15-րդ խաղն անցկացնելով Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում դարձել է 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Խաղի վերջակետը դրեց Մխիթարյանին փոխարինած Ադրիան Ռամոսը, որն աչքի ընկավ 86-րդ րոպեին:

Թոմաս Տուխելի թիմը 38 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ շարունակում է 5 միավոր զիջել Մյունխենի «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Այնտրախտ»՝ 4:1

Հենրիխ Մխիթարյան, 24, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 47, Մատս Հումելս, 61, Ադրիան Ռամոս, 86 – Ալեքս Մեյեր, 6

Հեռացում՝ Սլոբոդոն Մեդոեւիչ, 44 («Այնտրախտ»)

«Աուգսբուրգ» - «Շալկե»՝ 2:1

Հոնգ Ջո-Հո, 34, Կայուբի, 90 – Սեադ Կոլաշինաց, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով