Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն զկվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսներից:
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի բազմաֆունկցիոնալ ստադիոնում նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում 39-ամյա ուկրաինացին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին: 12 ռաունդների ընթացքում Կլիչկոյին չհաջողվեց դրսեւորել իր լավագույն որակները: 11-րդ ռաունդում 27-ամյա Ֆյուրիից միավոր հանեցին մրցակցի ծոծրակին հարվածելու համար, սակայն դա նրան չխանգարեց հասնել հաղթանակի՝ 115-112, 115-112, 116-111:
Վլադիմիր Կլիչկոն չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում տարել է 64 հաղթանակ եւ նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ: Անպարտելի Թայսոն Ֆյուրին անցկացրեց 25-րդ հաղթական մենամարտը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում