12:17  ,  7 նոյեմբերի, 2015

Վեսելին Տոպալովը դեմ է հավակնորդների մրցաշարը երրորդ անգամ Ռուսաստանում անցկացնելուն

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակից, բուլղարացի Վեսելին Տոպալովն ու նրա ներկայացուցիչ Սիլվիո Դանաիլովը դեմ են այդ մրցաշարն ամեն անգամ Ռուսաստանում անցկացնելուն: Բուլղարական կողմը չի բացառել, որ Տոպալովը կարող է եւ հրաժարվել մասնակցությունից, հաղորդում է newsbg-ն:

«Արդեն երրորդ անգամ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն անցկացվելու է Ռուսաստանում: Կարծես՝ այլ վայր չկա դրա համար: Կազմակերպիչները գիտեն, որ Վեսելին Տոպալովի համար Ռուսաստանն ընդունելի տարբերակ չէ»,- ասել է Դանաիլովը:

Վեսելին Տոպալովը եւս դեմ է արտահայտվել հավակնորդների մրցաշարը Ռուսաստանում անցկացնելուն:

«Առաջարկ կար մրցաշարն անցկացնել Հարավային Աֆրիկայում, բայց չի ընդունվել: Իսկ դա շատ կօգներ Աֆրիկայում շախմատի տարածմանը»,- նշել է Տոպալովը:

Հիշեցնենք, որ Տոպալովից բացի աշխարհի չեմպիոնի հավակնորդի կոչման համար կպայքարեն նաեւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան)։

Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամով մրցաշարը կանցկացվի 2016-ի մարտի 10-30-ը Մոսկվայում։ Հաղթողը հնարավորություն կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով