23:50  ,  5 նոյեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին «Գաբալայի» դեմ խաղում՝ 4:0

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ադրբեջանական «Գաբալային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով:

28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկո Ռոյսը, որն օգտագործեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Դարձյալ գոլային փոխանցումը կատարեց հայ ֆուտբոլիստը:

Ընդմիջումից հետո հյուրերի էստոնացի հարձակվող Սերգեյ Զենյովը դարձավ ինքնագոլի հեղինակ: 70-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց Հենրիխ Մխիթարյանը, որը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Թիմերի առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:1 հաշվով, Մխիթարյանը չէր մեկնել Ադրբեջան:

«Բորուսիան» 10 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը եւ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: 

Խմբի մյուս խաղում ռուսական «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց հունական ՊԱՕԿ-ին եւ 7 միավորով երկրորդ տեղում է: ՊԱՕԿ-ն ունի 3, «Գաբալան»՝ 1 միավոր:

Եվրոպայի լիգա

C խումբ

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Գաբալա» (Ադրբեջան)՝ 4:0

Մարկո Ռոյս, 28, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45, Սերգեյ Զենյով, 67, ինքնագոլ, Հենրիխ Մխիթարյան, 70

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր. Լուկաս Պիշչեկ, Սվեն Բենդեր, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ, Մատիաս Գինտեր (Իլկայ Գյունդոգան, 62), Գոնսալո Կաստրո, Հենրիխ Մխիթարյնա, Մարկո Ռոյս (Ադնան Յանուզայ, 46), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Ադրիան Ռամոս, 68):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում