23:50  ,  23 սեպտեմբերի, 2015

«Հոֆենհայմը» կանգնեցրեց Դորտմունդի «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց «Հոֆենհայմի» դեմ արտագնա խաղը՝ այս մրցաշրջանում կորցնելով առաջին միավորները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր հյուրերի պահեստայինների թվում: Առաջին խաղակեսում «Հոֆենհայմը» խաղում էր երկրորդ համարով, սակայն դաշտի տերերի գրոհները շատ ավելի վտանգավոր էին ստացվում: Հակագրոհներից մեկի արդյունքում տանտերերը 42-րդ րոպեին բացեցին հաշիվը եւ ընդմիջման գնացին հաշվի մեջ առջեւում:

Ընդմիջմանը Թոմաս Տուխելը խաղադաշտ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, ում փոխարինումից հետո «Բորուսիան» ավելի շատ էր գրոհում ու կարողացավ խփել պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Հոֆենհայմը» կորցրեց իրական գոլային պահ, իսկ 55-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Դիրքային գրոհի արդյունքում պատասխան գոլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդցիներն աստիճանաբար մեծացնում էին տարածքային ու խաղային առավելությունը, սակայն, ստեղծելով մի քանի գոլային պահեր, բավարարվեցին ոչ ոքիով: 

Թոմաս Տուխելի թիմը չօգտվեց առաջատար Մյունխենի «Բավարիային» հավասարվելու հնարավորությունից: «Բորուսիան» 16 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ 2 միավոր զիջում է Գերմանիայի չեմպիոնին, որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ.»՝ 1:1

Սեբաստիան Ռուդի, 42 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 55

«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 4:2

Ֆաբիան Ջոնսոն, 5, Գրանիտ Ջակա, 17, Լարս Շտինդլ, 19, Մոհամեդ Դոհուդ, 21 – Պոլ Վերհագ, 51 (11մ), 75 (11մ)

«Բայեր» - «Մայնց»՝ 1:0

Խավյեր Հերնանդես, 69

«Հանովեր» - «Շտուտգարտ»՝ 1:3

Կենան Կարաման, 14 – Կրիստիան Գենտներ, 16, Տիմո Վերներ, 18, Ալեքսանդրու Մաքսիմ, 90+1

«Շալկե» - «Այնտրախտ»՝ 2:0

Ժոել Մատիպ, 76, Լերոյ Սանե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում