12:26  ,  7 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ իր սիրելի խաղային դիրքի եւ հավաքականի անհաջող խաղի պատճառների մասին

Ես ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի գոտում, սակայն եթե թիմը կադրային խնդիրներ ունի, ապա չես կարող ընտրել խաղային դիրքդ:

Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խոսել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջողությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել է դանիացիների դեմ սեպտեմբերի 7-ին կայանալիք խաղին:

«Հիմա արդեն հաստատ չենք մեկնի Ֆրանսիա: Ըստ ինձ՝ մեր անհաջող խաղի օբյեկտիվ պատճառները մի քանիսն են, իսկ գլխավորը Հայաստանում ֆուտբոլի մակարդակն է: Ուժեղ հավաքական ունենալու համար պետք է ունենալ նաեւ մանկապատանեկավ ֆուտբոլի կազմակերպված համալիր: Ցանկացած տուն պետք է կառուցել հիմքի վրա, իսկ ֆուտբոլում գլխավորը հենց մանկապատանեկավ դպրոցն է, որի զարգացումը կօգնի մեզ: Բացի այդ, պետք է ունենալ ուժեղ Հայաստանի առաջնություն, որը կբացահայտի նոր անուններ: Մեր ներքին առաջնությունն ամենաբարձր մակարդակի վրա չէ:

Համաձայն եմ, որ Եվրո-2012-ի եւ ԱԱ-2014-ի ընտրական փուլերում մենք լավ էինք խաղում՝ ցույց տալով այլ արդյունք, սակայն կա մեկ «բայց»: 4 տարի առաջ թիմի առջեւ դրված էր արժանի ֆուտբոլ ցուցադրելու խնդիր: Ահաջողության դեպքում ոչ ոք մեզ չէր մեղադրելու, որ խմբից դուրս չենք եկել: Երիտասարդ թիմը ոգեւորվեց եւ ցույց տվեց, որ ի զորու է գործել հրաշքներ: Չկար այն հոգեբանական ճնշումը, որը հիմա է: Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ մեր թիմի առաջ դրվել է խմբից դուրս գալու խնդիր: Դա մեծ ճնշման պատճառ է դառնում, իսկ այժմ կարելի է ասել, որ նաեւ թիմին խանգարում է խաղալ ամբողջ ուժով: Մեզ մնացել է 3 խաղ, եւ ամեն ինչ կանենք, որպեսզի շրխկացնենք դուռը: Մրցաշարային դիրքն արդեն չի ճնշում, բայց կանենք առավելագույնը միավորներ վաստակելու համար: Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք:

Չի բացառվում, որ նախորդ ընտրական փուլերում մրցակիցները լուրջ չէին վերաբերում մեզ, բայց դա աննշան է: Ինչպես հայտնի է, թույլ թիմեր գրեթե չեն մնացել: Մենք պարզապես լավ էինք խաղում, իսկ արդյունքը համապատասխանում էր մեր խաղին: Եթե շատ ցանկանանք գտնել անհաջողությունների պատճառը, ապա այս ընտրական փուլում գուցե դրանցից էին վնասվածքները: Կարծում եմ, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինողները պետք է չխաղան նրանցից վատ: Միշտ էլ ինչ-որ մեկը կարող է բաց թողնել խաղը, բայց դա չի կարող արդարացում լինել:

Ես ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում, սակայն եթե թիմը կադրային խնդիրներ ունի, ապա չես կարող ընտրել խաղային դիրքդ: Նմանատիպ փոփոխություններով մարզիչները փորձում են շտկել ամբողջ թիմի խաղը, իսկ ես ձգտում եմ առավելագույն օգտակար լինել հենակետայինի դիրքում:

Չեմ կարծում, որ հաղթանակների բացակայությունը ճնշում է մեզ: Իհարկե, երբ երկար ժամանակ չես հաղթում, ճնշում առաջանում է, բայց չեմ կարծում, որ դանիացիների դեմ խաղում այդ անհաջող շարքը կճնշի մեր ֆուտբոլիստներին: Մարդիկ տարբեր են մտածում, իսկ իմ համար հավաքականում մոտիվացիան դա հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքերին հայտնվում են ժպիտներ, փողոցում՝ երաժշտություն, իսկ մարդիկ տոնում են մեր հաղթանակը սեփականի պես: Ի՞նչը կարող է դրանից լավ լինել: Հենց այդ ժպիտներն են մեր գլխավոր մոտիվացիան:

Դանիացիների դեմ խաղում սպասում եմ ավելի լավ ելույթ, քան՝ Սերբիայում: Հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը կհասնի դրական արդյունքի: Մրցակիցը շատ ուժեղ է, բայց մենք պետք է նրանց առաջարկենք մեր ֆուտբոլը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Դանիա հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականն ունի 1 միավոր եւ սերբերի հետ եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը: Դանիացիներն ու ալբանացիները վաստակել են 11-ական միավոր, իսկ խմբի առաջատարն է 12 միավոր հավաքած Պորտուգալիան, որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News