11:44  ,  25 հունիսի, 2015

Հայ մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Հովհաննես Դավթյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական խաղերում Հայաստանի մասնակիցներին: Հունիսի 25-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ ձյուդոիստները: Ձյուդոյի մրցաշարը համարվում է այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է:

Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 25-ին։ Ամուսանացած է, ունի որդի: Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն է (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, Գրան Պրի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009), Լոնդոնի Օլիմպիական խաղերի 7-րդ մրցանակակիր:

Հովհաննես, Դուք Հայաստանի վերջին մասնակիցներից եք Եվրոպական խաղերում: Ինչպե՞ս ես տրամադրված քո մրցելույթին:

Տրամադրվածությունս լավ է, գտնվում եմ շատ լավ մարզավիճակում: Պատրաստ եմ դուրս գալ տատամի եւ պայքարել հաղթանակի համար: Հասկանում եմ, թե որքան կարեւոր է բոլորիս, նաեւ ինձ համար այս մրցելույթը, արդյունքը, հաղթանակը: Եվ պատրաստ եմ պայքարի մտնել:

Մեր մասնակցությունն այս Խաղերին կարեւոր էր այնքանով, որ մենք կարողանայինք Հայաստանի դրոշը բարձրացնել, ապացուցել ամբողջ աշխարհին եւ նաեւ հենց իրենց, որ մենք չենք վախենում ոչնչից, որ մենք պայքարող, հաղթող ազգ ենք, մենք էլ մեր պայքարը սպորտի տեսքով ենք տանում եւ հաղթում: Մեր բոլորիս առջեւ դրված է մի գերխնդիր, եթե գնալ, ապա հաղթանակի հետեւից, եթե պայքարել, ապա հաղթանակով: Իրականում, բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարը շատ բարդ էր լինելու ու դեռ շարունակվելու է այդպես: Մեր մարզիկներից մեկին հաջողվել է հասնել այդ նպատակակետին, բարձրացնել Հայաստանի դրոշը, ինչի համար շատ ուրախ եմ: Ես էլ կփորձեմ իմ հնարավորությունները գործի դնել ու եւս մեկ անգամ ուրախացնել մեր ժողովրդին:

Հայաստանի մասնակիցների հանդեպ մրցավարական կողմնապահություն կա Բաքվում: Պատրա՞ստ ես պայքարի մեջ մտնել նաեւ մրցավարների հետ:

Չեմ ցանկանում տեղի ունեցած մրցավարական կողմնապահությունները վերագրել միայն Բաքվին, պատճառը համարել այն, որ այնտեղ են ընթանում Խաղերը եւ միայն հայերի հանդեպ է այդպես: Ոչ, իրականում միցավարական կողմնապահություններ միշտ են լինում, ամեն տեղ, բոլորի նկատմամբ: Էական չէ՝ դա Բաքուն է, թե մեկ այլ քաղաք եւ, մասնավորապես, դա հայ է, թե այլ ազգի ներկայացուցիչ:

Մեդալի ակնկալիք ունե՞ս:

Ակնկալիքներ միշտ կան: Յուրաքանչյուր մրցման գնում ենք մեդալի հետեւից: Հույս ունեմ, որ կկարողանամ մեդալ նվաճել, լավ հանդես գալ, բարձր արդյունք ցույց տալ: Ցանկությունս շատ մեծ է, կպայքարեմ մինչեւ վերջ: Բացի այդ, Եվրոպական խաղերի ցուցանիշը մեզ համար նաեւ կլինի Եվրոպայի առաջնության արդյունք, քանի որ Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցաշարը համարվում է այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնություն: Խաղարկվելու է նաեւ օլիմպիական վարկանիշ: Իմ նպատակը Ռիո-2016-ի ուղեգիրն ու օլիմպիական մեդալն է: Պայքարելու եմ մինեւ վերջ:

Հովհաննես Դավթյանը Եվրոպական խաղերում տատամի դուրս կգա հունիսի 25-ին: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով սլովակ Միտյազ Տրբովիչի հետ:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում