00:44  ,  7 հունիսի, 2015

«Բարսելոնան» 5-րդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում Իսպանիայի չեմպիոնն ու գավաթակիրը հանդիպել էր Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Թուրինի «Յուվենտուսին», որի նկատմամբ դժվարին հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կայացած խաղի մեկնարկում կատալոնացիների մոտ լարվածություն էր նկատվում, սակայն նրանք խփեցին արագ գոլ: Չորրորդ րոպեին իսպանացի Անդրես Ինյեստայի փոխանցումից հետո խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գրավեց Ջանլուիջի Բուֆոնի պաշտպնած դարպասը՝ առաջ մղելով «Բարսելոնային»: Բաց թողած գոլից քիչ անց թուրինցիներն անցկացրին վտանգավոր հակագրոհ, բայց չիլիացի Արտուրո Վիդալի հարվածը բարձր ստացվեց հարմար դիրքից: Այնուհետեւ «Բարսելոնան» ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը եւ ստեղծեց մի քանի գոլային պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց: Լուիս Էնրիկեի թիմը վերահսկում էր գնդակը, իսկ «Յուվենտուսը» գրեթե չէր դիմում պրեսինգի եւ սպասում էր մրցակցի սխալին: Առաջին խաղակեսում թուրինցիները երբեմն-երբեմն ակտիվանում էին, բայց «Բարսելոնայի» դարպասի մոտ իրական գոլային պահեր չեղան:

Երկրորդ խաղակեսը սկսվեց Իսպանիայի չեմպիոնի վտանգավոր գրոհների ներքո: Մեկնարկային 5 րոպեներին կատալոնացիները կորցրին մի քանի գոլային պահեր, ինչի համար պատժվեցին շուտով: 55-րդ րոպեին «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հավասարեցրեց հաշիվը: Այդ գոլից հետո թուրինցիները ոչ միայն հավասարեցրին խաղը, այլեւ ունեին ոչ մեծ առավելություն: «Բարսելոնայի» մոտ կարծես ստեղծագործական ճգնաժամ էր սկսվել, իսկ իտալացիներն աստիճանաբար խաղը տեղափոխում էին մրցակցի կիսադաշտ: Խաղը միանգամայն հավասարվել էր, երբ «Բարսելոնային» փրկության հասավ ամբողջ հանդիպման ընթացքում ստվերում գտնվող Լիոնել Մեսին: Արգենտինայի հավաքականի ավագի գեղեցիկ անցումից եւ հարվածից հետո Բուֆոնը հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնայի» երկրորդ գոլը: Վերջնամասն անցավ շատ լարված պայքարում եւ 2 թիմերն էլ անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ, սակայն հաջողությունն ուղեկցեց «Բարսելոնային»: Բրազիլացի Նեյմարն ավելացված ժամանակում երրորդ գնդակն ուղարկեց իտալական ակումբի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:

78-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Բարսելոնայի» ավագ Չավին, ով վերջին անգամ խաղաց կատալոնական ակումբի կազմում եւ դարձավ Չեմպիոնների լիգայում անենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը (151 խաղ):

Այսպիսով, «Բարսելոնան» Իսպանիայի գավաթին ու չեմպիոնությանը գումարեց նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ձեւակերպելով տիտղոսների հեթ-տրիկ: «Բարսելոնան» առաջին ակումբն է, որը երկրորդ անգամ է հասնում նման հաջողության: Կատալոնացիները տիտղոսների հեթ-տրիկի հեղինակ դարձել էին նաեւ 2008/09թթ. մրցաշրջանում:

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթել էր նաեւ 1992-ին, 2006-ին, 2009-ին եւ 2011-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:3

Ալվարո Մորատա, 55 – Իվան Ռակիտիչ, 4, Լուիս Սուարես, 69, Նեյմար, 90+7

«Յուվենտուս». Ջանլուիջի Բուֆոն, Շտեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Բարցալի, Պատրիս Էվրա (Կինգսլի Կոման, 88), Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո, Պոլ Պոգբա, Արտուրո Վիդալ (Ռոբերտո Պերեյրա, 79), Կարլոս Տեւես, Ալվարո Մորատա (Ֆերնանդո Լյորենտե, 85):

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Դանի Ալվես, Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Ժերեմի Մաթյո, 90+1), Անդրես Ինյեստա (Չավի Հերնանդես, 79), Լիոնել Մեսի, Նեյմար, Լուիս Սուարես (Պեդրո Ռոդրիգես, 90+5):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում