11:12  ,  9 հունիսի, 2012

Ֆերեր. Նադալը ոչ մի շանս չտվեց ինձ

Աշխարհի 6-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալին պարտվելուց հետո հայտարարել է, որ իր հայրենակիցն ավելի ուժեղ էր եւ արժանի հաղթանակ տարավ:

«Ես խաղացի ինչպես կարող էի, սակայն, երբ մրցակիցն այսքան ուժեղ է լինում, դու ոչ մի հնարավորություն չես ունենում հաղթելու համար: Նադալը շատ ուժեղ է Ռոլան Գարոսի կորտերում: Ինչպես միշտ նա հիանալի հանդիպում անցկացրեց: Ես առաջին անգամ էի խաղում Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, այդ իսկ պատճառով այս պարտությունն այնքան էլ ցավալի չէր: Ես պարտվեցի պատմության լավագույն թենիսիստներից մեկին»,- Ֆերերի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Ռոլան Գարոսի 6-ակի հաղթող Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում