14:06  ,  2 մարտի, 2012

Հավաքականի խաղերին ամբողջ ստադիոնը պետք է միասնական երգի ու վանկարկի. FAF-ի հիմնադիր

2007 թվականից Հայաստանում գործում է երկրպագուների FAF (First Armenian Front, Առաջին ճակատ) շարժումը: FAF-ի անդամները ներկա են լինում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին եւ մեծ աջակցություն են ցուցաբերում հայ ֆուտբոլիստներին: FAF-ի անդամները Հայաստանի հավաքականի հետ մեկնում են նաեւ արտագնա հանդիպումներին եւ չնայած երկրպագուների փոքր բանակին, այնուամենայնիվ պատվով են կատարում իրենց  գործը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

Ինչպե՞ս ծնվեց երկրպագուների ակումբ ստեղծելու գաղափարը:

2007 թվականին երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի շնորհիվ մեր հավաքականը լուրջ հաջողությունների հասավ, արդեն ունեինք մարտունակ թիմ, սակայն տրիբունաներում վիճակն անմխիթար էր: Երկրպագուների գերակշռող մասը խաղերին գալիս էր ծիածանի յոթ գույներով հագնված, վանկարկումներն էին միայն «Հայաստան հուպ տուր», «հայեր», «Հայաստան» եւ ստադիոնի չորս տրիբունաներից կարելի էր ամեն տեսակ հայհոյանքներ լսել, եւ ոչ միայն մրցակցի հասցեին: Եվրո-2008-ի ընտրական փուլի Հայաստան - Լեհաստան (1:0) հանդիպմանը մոտ 20 երկրպագուներով որոշեցինք կազմակերպած աջակցություն ցուցաբերել մեր հավաքականին եւ երկրպագման նոր մշակույթ ձեւավորել Հայաստանում: Երեւի այդ խաղում տոնած հաղթանակն էր պատճառը, որ մեր շարժումն արագ զարգացավ եւ հաջորդ հանդիպմանը՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ, մեր թիվը հասավ 50-ի եւ արդեն խաղին ներկայացել էինք դրոշներով եւ ոգեւորիչ պաստառներով:

Ո՞վ կարող է դառնալ FAF-ի անդամ:

FAF-ի անդամ կարող են դառնալ 16 տարեկանից բարձր անձինք՝ անկախ սեռից, ռասայական պատկանելությունից եւ կրոնական դավանանքից:

FAF-ի անդամները ֆեյսբուքյան մեր էջի կամ faf.am կայքի միջոցով պետք է կապ հաստատեն մեզ հետ եւ թողնեն իրենց տվյալները: FAF-ում կա 5-6 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվում է նոր երկրպագուների անդամագրմամբ: Գրանցումը լինում է հետեւյալ կերպ՝ հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են FAF-ում գրանցվել ցանկացողի հետ, ներկայացնում շարժման պատմությունն ու նպատակները, շփվում գրանցվել ցանկացողի հետ, եւ եթե երկրպագուն ֆուտբոլի սիրահար է, համապատասխանում է մեր կանոնակարգին, ընդունվում է մեր շարքերը:

Դուք ներկա եք լինում նաեւ հավաքականի արտագնա հանդիպումներին: Ինչպե՞ս են լուծվում ֆինանսական խնդիրները:

FAF-ը պաշտոնապես ներկա գտնվեց անցած մրցաշրջանի հավաքականի բոլոր արտագնա հանդիպումներին, բացառությամբ Մակեդոնիա - Հայաստան խաղին: Հանդիպումներին կարողացանք մեր մասնակցությունն ապահովել ինչպես մեր ֆինանսական միջոցներով, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աջակցությամբ:

Վաղո՞ւց եք համագործակցում ՀՖՖ-ի հետ:

Երկրպագմանը վերաբերվող տարբեր հարցերի շուրջ մոտ չորս տարի է համագործակցում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Կարծում եմ՝ հնարավոր չի լինի կառավարել ինչ-որ ակումբի ֆան շարժում եւ չհամագործակցել այդ ակումբի համապատասխան ներկայացուցիչների հետ: Մեր նպատակն ազգային հավաքականն է, ուստի մեր համագործակցությունն էլ ՀՖՖ-ի հետ է:

Որքանո՞վ ես կարեւորում երկրպագուների դերը:

Վստահ եմ՝ առանց երկրպագուների, առանց թեժ աջակցության չէին լինի անցած տարվա պատմական արդյունքները: Եթե յուրաքանչյուր մարզաձեւ Հայաստանում սիրվի այնպես, ինչպես ֆուտբոլը, եւ աջակցությունը լինի նույն կերպ, ապա մենք բոլոր մարզաձեւերում էլ կունենանք լուրջ հաջողություններ:

FAF-ի անդամների մեջ կա՞ն օտարերկրյա ներկայացուցիչներ:

Եվրոպայից եւ աշխարհի տարբեր ծայրերից մենք ունենք FAF-ում գրանցված անդամներ, որոնք մեր շարժման անբաժան մասն են կազմում: Նրանք մասնակցում են մեր շարժման առօրյա կյանքին եւ հնարավորության դեպքում ներկայացնում են FAF-ը արտասահմանյան մարզադաշտերում՝ աջակցելով մեր հավաքականներին եւ օտարերկրյա ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

Առաջիկա ծրագրերի մեջ են մտնում նոր մրցաշրջանի առաջին խաղերում մեծ քանակությամբ FAF անդամներով աջակցություն ցուցաբերել մեր հավաքականին Բուլղարիայում եւ Մալթայում: Գլխավոր ծրագրերից է նաեւ հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան – Իտալիա հանդիպմանը կազմակերպել լայնամաշտաբ ակցիա, նոր ֆուտբոլային եւ հայրենասիրական երգերի ավելացումը եւ պետք է ձգտենք բարելավել ընդհանուր երկրպագման պրոցեսը մարզադաշտում: Պետք է հասնենք նրան, որ երգն ու վանկարկումը կատարի ոչ թե առանձին սեկցիա կամ տրիբունա, այլ աբողջ մարզադաշտը միասնական:

Զրուցեց Դավիթ Եղիազարյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով