02:54  ,  22 հունվարի, 2015

«Բարսելոնայի» գավաթային հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Բարսելոնայում կայացած խաղի միակ գոլը 85-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: «Բարսելոնան» ավելի ակտիվ սկսեց, բայց մադրիդցիները հավասարեցրին խաղը: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահն ունեցավ «Բարսելոնայի» ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը, ով վրիպեց մի քանի մետրից: 

Ընդմիջումից հետո կատալոնացիների խաղային ու տարածքային առավելությունն աստիճանաբար մեծանում էր, սակայն հյուրերի դարպասի մոտ վտանգավոր պահեր գրեթե չկային: Այնուամենայնիվ, վերջնամասում Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակ կորզեց: 85-րդ րոպեին «Աթլետիկոյի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ Մեսին, ում հարվածից հետո սլովենացի դարպասապահ Յան Օբլակը հետ մղեց գնդակը, բայց Արգենտինայի հավաքականի ավագը երկրորդ փորձից գրավեց դարպասը:

«Բարսելոնայի» եւ «Աթլետիկոյի» միջեւ պատասխան խաղը կկայանա հունվարի 30-ին Մադրիդում: Կիսաեզրափակիչում այս զույգի հաջողակը հանդիպելու է «Վիլյառեալ» - «Խետաֆե» դիմակայության հաղթողին

Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 1:0

Լիոնել Մեսի, 85

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ (Չավի, 77), Ինյեստա (Բարտրա, 88), Նեյմար, Մեսի, Սուարես:

«Աթլետիկո». Օբլակ, Խուանֆրան, Գոդին, Միրանդա, Սիկեյրա, Գաբի (Խիմենես, 88), Մարիո Սուարես, Կոկե, Արդա Թուրան, Գրիզման (Ռաուլ Գարսիա, 66), Ֆերնանդո Տորես (Մանջուկիչ, 46): 

«Մալագա» - «Աթլետիկ»՝ 0:0

«Վիլյառեալ» - «Խետաֆե»՝ 1:0

Բրունո, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում