15:18  ,  15 դեկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Սյոնում դեկտեմբերի 15-ին կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Մրցաշարի գործող հաղթող եւ խմբային փուլը 100 տոկոսանոց արդյունքով ավարտած Մադրիդի «Ռեալն» ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ կմրցի Գելզենկիրխենի «Շալկեի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիային» բաժին հասավ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»:

Կատալոնական «Բարսելոնան» նախորդ տարվա պես կխաղա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ, Լոնդոնի «Չելսին» ուժերը կչափի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, իսկ Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը Դոնեցկի «Շախտյորն» է:

1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին եւ 25-26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն առաջին խաղերն անցկացնելու են տանը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանության արդյունքում: 

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Արսենալ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)

«Բազել» (Շվեյցարիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

Հիշեցնենք, որ այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող եւ նույն խմբից դուրս եկած թիմերը: Խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում