03:43  ,  6 դեկտեմբերի, 2014

Դորտմունդը ցնծում է, Կլոպը՝ զայրույթի եւ բերկրանքի գագաթին (ֆոտոշարք)

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի անդունդում հայտնված Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային» երկար ընդմիջումից հետո վերջապես հաջողվեց հաղթել եւ վաստակել այդքան կարեւոր 3 միավորը: Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հյուրնկալեց «Հոֆենհայմին» եւ կարողացավ հաղթանակ տանել նվազագույն հաշվով: «Բորուսիայի» համար սա ընդամենը չորրորդ հաղթանակն է ընթացիկ առաջնությունում: Հաղթանակ, որն իսկապես կարեւոր է Բունդեսլիգայից դուրս մնալու վտանգի առջեւ կանգնած դորտմունդցիների համար:

Խաղի ընթացքը

Դորտմունդցիները հիանալի սկսեցին հանդիպումը` ցուցադրելով փոխչեմպիոններին վայել հարձակողական խաղ: «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցած կողմերի մարտական տրամադրվածությունն ակնհայտ էր: Դաշտի տերերը հաջողությամբ գրոհում էին, իսկ մրցակիցը փորձում էր հակագրոհել:

14-րդ րոպեին «Բորուսիայի» համար վտանգավոր պահ գրանցվեց, երբ սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը հարվածեց բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյին հենց տուգանային հրապարակի մոտ, սակայն արդյունավետ իրացնել ստանդարտ դիրքը հյուրերին չհաջողվեց:

Խաղի գլխավոր իրադարձությունը եղավ 17-րդ րոպեին: «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո «Հոֆենհայմի» դարպասապահ Օլիվեր Բաումանը գնդակը հետ մղելու փորձ կատարեց, սակայն նրան դա չհաջողվեց, գնդակն ընդունեց Իլկայ Գյունդոգանը եւ մոտ մեկ ու կես տարվա դադարից հետո առաջին գնդակը խփեց Գերմանիայի առաջնությունում:


Խաղի նման ընթացքով ոգեւորված` դորտմունդցիները շարունակեցին գրոհել, բայց առանց որեւէ նկատելի հաջողության: Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնքան եռանդուն էր երկու կողմերի համար էլ. առավելությունը սկզբում «Հոֆենհայմինն» էր: Դորտմունդցիները, սակայն արագ հավաքեցին ուժերը եւ նոր թափով սկսեցին գրոհել: Խաղի 52-րդ րոպեին «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Օբամեյանգը գրավեց «Հոֆենհայմի» դարպասը, սակայն եզրային մրցավարի սխալ որոշմամբ, նրա մոտ խաղից դուրս վիճակ գրանցեցին: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի զայրույթն աննկարագրելի էր այդ պահին, սակայն որոշումը մնաց անփոփոխ: 72-րդ րոպեին Օբամեյանգը եւս մեկ անգամ կարողացավ գնդակն ուղարկել Բաումանի պաշտպանած դարպասը, սակայն այս անգամ իսկապես խաղից դուրս վիճակում էր գաբոնցի ֆուտբոլիստը:

Խաղի մնացած րոպեներին դորտմունդցիները ստեղծում էին հիանալի գոլային պահեր, որոնք իրացնել նրանց այդպես էլ չհաջողվեց: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում կիսապաշտպանության կենտրոնում զգալի ակտիվություն ցուցաբերեց:

Խաղից հետո դորտմունդցի երկրպագուների ուրախությանը չափ ու սահման չկար:

Մարզիչների մեկնաբանությունը

Խաղից հետո Գերմանիայի ամենասիրելի մարզիչ Յուրգեն Կլոպը չէր թաքցնում ուրախությունը. «Հիանալի լարված խաղ էր: Բարեբախտաբար բոլորիս սպասելիքներն արդարացան: Այժմ մենք պետք է շարունակենք նույն տրամադրվածությամբ եւ շարժվենք առաջ»:

Այնուհետեւ նա խոսեց թերությունների մասին. «Մեր խաղը դեռ հեռու է իդեալական լինելուց, մենք ունեինք թերություններ եւ պետք է աշխատենք դրանք շտկելու ուղղությամբ»:

Վերջում Յուրգեն Կլոպը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին հավատի եւ աջակցության համար. «Երկրպագուների աջակցությունն անզուգական էր, համոզված եմ` խաղի ավարտին նրանք նույնքան ուժասպառ էին եղել, որքան եւ մենք»:

Ինչ վերաբերում է «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Մարկուս Գիսդոլին, ապա նրա տրամադրությունն անհամեմատ ցածր էր, խոսքն էլ՝ կարճ. «Առաջին խաղակեսում հավասար խաղ էր: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները մեզ գերացանցեցին իրենց խաղով, սակայն մեր պարտությունը արդարացում չունի»:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հոֆենհայմ»՝ 1:0

Իլկայ Գյունդոգան, 17

«Բորուսիա Դ.». Լանգերակ, Հումելս, Սուբոտիչ, Պիշչեկ, Կել, Մխիթարյան, Գյունդոգան  (Գինտեր, 90+1), Բենդեր, Օբամեյանգ (Իմոբիլե, 90+2), Ռամոս (Գրոսկրոյց, 83):

«Հոֆենհայմ». Բաուման, Կիմ, Բիչակչիչ, Զյուլե, Բեք, Ռուդի (Էլյունուսի, 78), Պոլանսկի, Շվեգլեր (Սալիհովիչ, 78), Ֆոլանդ, Ֆիրմինո, Շիպլոկ (Մոդեստ, 46):

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում