19:14  ,  30 մայիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Հիմա լավագույն մարզավիճակում չեմ

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից էր: 23-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում եւ դարձել է 8 գոլի հեղինակ: Հավաքականի կազմում խփած գնդակների ցուցանիշով Հենրիխը զիջում է միայն Արթուր Պետրոսյանին, ով դարձել է 11 գոլի հեղինակ: Երիտասարդ կիսապաշտպանն ազգային թիմի մյուս խաղացողների հետ ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում էր Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ ընկերական խաղերին:

Ավստրիա մեկնելուց առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հենրիխ, «Շախտյորի» կազմում դու ծանրաբեռնված մրցաշրջան անցկացրիր` հանդես գալով ոչ միայն Ուկրաինայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, այլեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Հիմա մարզավիճակդ ինչպե՞ս կգնահատես

Անկեղծ ասած, այս պահին լավագույն մարզավիճակում չեմ, բայց բավարար եմ գնահատում ֆունկցիոնալ պատրաստականությունս: Հավաքականի մարզիչն անկասկած ավելի լավ կգնահատի իմ մարզավիճակը, եւ ինքն ավելի լավ գիտի, թե ինչպիսի առաջադրանքներ է տալու խաղացողներին` հաշվի առնելով բոլոր ֆուտբոլիստների մարզավիճակը: Հենց տվյալ պահի մարզավիճակից ու ընդհանուր վիճակից ելնելով են տրվելու հանձնարարությունները խաղադաշտում իրականացնելու համար:

Մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանը նշեց, որ խաղերից մեկում տակտիկական նոր սխեմա է փորձակվելու` նկատի ունենալով 4-1-4-1 մարտավարությունը: Դու ինչպե՞ս ես վերաբերվում նորամուծություններին:

Առաջին դեպքը չէ, որ նման կարգի փոփոխություն լինում է թիմի խաղում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատրաստ լինի նման փոփոխություններին: Մարզիչը միշտ էլ հաշվի է առնում իր թիմի հնարավորություններն ընդհանրապես եւ առանձին խաղացողներինը մասնավորապես: Բացի այդ, խաղի ընթացքում էլ շատ հաճախ մարտավարության փոփոխություն է տեղի ունենում: Այնպես որ արտասովոր ոչինչ չկա:

Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումները մարզչական առումով կոնկրետ նպատակներ են հետապնդելու: Իսկ քեզ համար ի՞նչ նշանակություն ունեն այս հանդիպումները:

Գաղտնիք չէ, որ Հունաստանի ու Ղազախստանի թիմերը իրենց խաղաոճով ու հնարավորություններով տարբերվում են: Սակայն, միեւնույն է երկու դեպքում էլ հաջողության հասնելու համար պետք է խաղանք առաջին հերթին անմնացորդ նվիրումով: Այս երկու հանդիպումները շատ կարեւոր են մեր թիմի համար խաղային պրակտիկա ձեռք բերելու առումով: Հավաքականն արդեն պատրաստվում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլին եւ պաշտոնական խաղերին մենք պետք է մոտենանք կազմ ու պատրաստ:

Հունաստանի ու Ղազախստանի թիմերի հետ հանդիպումները քեզ համար տարբերվելո՞ւ են իրարից:

Կարծում եմ՝ ոչ: Մեր առջեւ առաջադրանք է դրվել հաղթել այս հանդիպումներում, ինչը, ասեմ, որ հնարավոր է: Մենք էլ մեր ուժերի վրա պետք է վստահ լինենք, որպեսզի կարողանանք հաղթել: Առաջին հերթին ամեն ինչ կանենք Ավստրիայից հաղթանակով վերադառնալու համար, իսկ հետո արդեն կմտածենք ղազախների հետ խաղի մասին, չնայած նպատակը չի փոխվելու:

Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես գալով` քո անունը գնալով ավելի ու ավելի հաճախակի են տալիս: Ամսվա լավագույւն ֆուտբոլիստ, հանդիպման լավագույն խաղացող, տարվա լավագույններից մեկը եւ այլն: Այս ամենն ավելորդ ծանրաբեռնվածություն կամ ճնշում չի՞ գործադրում քեզ վրա:

Ճնշվածություն չկա: Պարզապես, ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի նույն տեմպերով շարունակեմ եւ օգտակար լինեմ թիմին: Ինձ համար ավելի կարեւոր են ոչ թե իմ անհատական, այլ թիմային հաջողությունները: Ես իմ հաջողությունը համարում եմ թիմի հաղթանակը, կամ ինչ-որ տիտղոս նվաճելը: Միշտ իմ ուժերի մաքսիմալ հնարավորություններով նվիրվում եմ թիմի խաղին:

Նախորդ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ միայն լավ արդյունքների հասավ, այլ այդ արդյունքներին հասավ գեղեցիկ խաղային ձեռագրով: Ըստ քեզ՝ նման խաղաոճը պահպանելու համար ի՞նչ է հարկավոր:

Ամենադժվարը խաղային ձեռագիրն ու հաղթողի հոգեբանությունը պահպանելն է: Հաջողության, հաղթանակի հասնելն ավելի հեշտ է, քան ձեռք բերած արդյունքը պահպանելը: Հավաքականի վերջին խաղում մենք 3:1 հաշվով հաղթեցինք Կանադայի թիմին, ու այդ հաղթանակն էլ դրական լիցքեր հաղորդեց մեզ: Ամեն ինչ պետք է անենք մեր ոգեւորիչ ու արդյունավետ խաղը պահպանելու համար: Միգուցե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր թիմի հաղթանակները պատահականություն են, այդ մարդկանց էլ մեր խաղով պետք է համոզենք հակառակը:

Եվրոպայի առաջնության խաղերին Ուկրաինայի՞ց ես հետեւելու:

Ուկրաինայում չեմ լինելու, քանի որ «Շախտյորի» հետ մեկնելու եմ հավաքի Ավստրիա: Իհարկե, հնարավորության դեպքում կհետեւեմ խաղերին:

Ո՞ր թիմին ես ֆավորիտ համարում Եվրո-2012-ում:

Կարծում եմ, որ Եվրոպայի առաջնությունում ֆավորիտներ չկան: Բոլորն էլ ֆավորիտ են: Կհաղթի այն հավաքականը, որը շատ լավ պատրաստ կլինի ֆիզիկապես, հոգեբանորեն եւ յուրաքանչյուր խաղին կներկայանա հաղթողի հոգեբանությամբ:

Հենրիխ, քեզ հետ կապված ամենահետաքրքիր հարցերից մեկը` անձնական կյանքում փոփոխություն կա՞:

Ոչ: Պարզապես դեռեւս չեմ հանդիպել այն աղջկան, որին կցանկանայի տեսնել իմ կողքին:


Զրուցեց Խաչիկ Չախոյանը


Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով