01:36  ,  15 նոյեմբերի, 2014

Եվրո-2016. Ռոնալդուի գոլը՝ Հայաստանի հավաքականի պարտության պատճառ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը I խմբում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային, որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսում պորտուգալացիներն ունեին խաղային եւ տարածքային նկատելի առավելություն, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Մեկնարկում Պորտուգալիայի հավաքականի ճնշումը չափազանց մեծ էր եւ դաշտի տերերն ունեցան մի քանի գոլային պահեր: 5 պաշտպաններով խաղացող Հայաստանի թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց 15-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի՝ իր վաստակած տուգանայինից կատարած հարվածից հետո Ռուի Պատրիսիուն որսաց գնդակը: Քիչ անց հյուրերը ունեցան եւս մեկ գոլային պահ, բայց այս դեպքում էլ Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո հարմար դիրքում հայտնված Կամո Հովհաննիսյանի հարվածը թույլ ստացվեց: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթահարել մեկնարկային լարվածություն եւ մի պահ խաղը հավասարվել էր, թեեւ հյուրերի միակ հարձակվող Յուրա Մովսիսյանը հազվադեպ էր գնդակ ստանում, իսկ Ռոման Բերեզովսկին հետ մղեց մի քանի վտանգավոր հարվածներ:

Երկրորդ խաղակեսը եւս սկսվեց պորտուգալացիների գրոհների ներքո: Ընդմիջումից հետո Բեռնար Շալանդի թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, իսկ դաշտի տերերը, աստիճանաբար մեծացնելով ճնշումը, չէին կարողանում անցկացնել վտանգավոր գրոհներ: Մի պահ թվում էր, թե Հայաստանի հավաքականը սկսել է վերահսկել իրավիճակը, սակայն Շալանդի թիմը պաշտպանությունում սխալվեց 72-րդ րոպեին, երբ Ռոնալդուն բացեց հաշիվը: Ռոման Բերեզովսկին հետ մղեց Կուարեժմայի հարվածը, սակայն խառնաշփոթ իրավիճակում «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը չհասցրեց հեռացնել գնդակը, որը հայտնվեց Արքայական ակումբի ռմբարկուի մոտ Նանիի փոխանցումից հետո: Ռոնալդուն չներեց հյուրերին եւ մի քանի մետրից գրավեց դարպասը: Վերջնամասում Հայաստանի թիմը մի քանի հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն ապարդյուն: Դաշտի տերերը ոչ մեծ դժվարությամբ խաղը հասցրեցին հաղթական ավարտի, իսկ Հայաստանի թիմին մնաց պարտությունը, որը կարող էր եւ չլինել:

I խմբի մյուս խաղում դանիացիները Նիկլաս Բենդտների դուբլի շնորհիվ Բելգրադում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Սերբիայի հավաքականի նկատմամբ: Խաղն անցկացվեց առանց երկրպագուների:

Խմբի առաջատարը 7 միավոր հավաքած Դանիան է, որն անցկացրել է 4 խաղ: Պորտուգալիան 3 հանդիպումներից հետո ունի 6 միավոր, Ալբանիան՝ 4, իսկ Սերբիան ու Հայաստանը՝ մեկական:

Եվրո-2016, ընտրական փուլչորրորդ տուր

I  խումբ

Պորտուգալիա - Հայաստան1:0  

Կրիշտիանու Ռոնալդու, 72

ՊորտուգալիաՌուի Պատրիսիու, Ժոզե Բոսինգվա, Պեպե, Ռիկարդո Կարվալյո, Ռաֆայել Գերերո, Ժոաո Մոուտինյու, Տիագո Մենդեշ, Դանի (Ռիկարդո Կուարեժմա, 70), Նանի (Ուիլյամ Կարվալյո, 88), Կրիշտիանու Ռոնալդու, Հելդեր Պոշտիգա (Էդեր, 56):

ՀայաստանՌոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 77), Կառլեն Մկրտչյան (Մարկոս Պիզելի, 84), Գեւորգ Ղազարյան (Էդգար Մանուչարյան, 62), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Սերբիա – Դանիա՝ 1:3

Զորան Տոշիչ, 4 – Նիկլաս Բենդտներ, 60, 85, Սիմոն Կյաեր, 62


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում