17:46  ,  3 նոյեմբերի, 2014

Արտաշես Ներսիսյան․ Աշխարհի առաջնությունում մեդալներ չեն լինի

Այս աշխարհի առաջնությունում մեդալներ չեն լինի։ Աղջիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշների համար, իսկ մեդալների հույս չունենք։ Պատրաստ ենք մրցահարթակ դուրս գալ։ Ներկայացել ենք այն կազմով, ինչ այս պահին ունենք։ Հուսամ, արդեն հաջորդ տարի աշխարհի առաջնությունում կպայքարենք մեդալների համար։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Նոյեմբերի 8-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի թիմերն առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացրել են Ալմաթիում։

Պարոն Ներսիսյան, ի՞նչ կազմով է հանդես գալու կանանց Հայաստանի հավաքականը։

Աշխարհի առաջնությանը մասնակցում ենք 6 մարզուհիներով․ 48 կգ քաշային կարգում հանդես կգա Էլեն Գրիգորյանը, 53 կգ-ում՝ Աննա Գովելյանը, 63 կգ քաշային կարգում ներկայանալու ենք երկու ծանրորդներով՝ Իզաբելլա Յայլյան եւ Քրիստինե Պետրոսյան, 69-ում հանդես կգա Մելինե Դալուզյանը եւ +75 քաշային կարգում՝ Հռիփսիմե Խուրշուդյանը։ Աղջիկները մրցահարթակ են դուրս գալու նոյեմբերի 8-ից։

Ի՞նչ ակնկալիքներ կան։

Նախապես չեմ հայտարարի, թե մեծ հույսեր ու ակնկալիքներ ունենք։ Երբ սկսվեն աղջիկների մրցելույթները, այդ ժամանակ էլ պարզ կլինի։ Երկարատեւ մարզումներ ենք ունեցել, հավաքներ, նախապատրաստվել ենք որքան հնարավորություն ունենք։ Իսկ թե՝ ով, ինչպես հանդես կգա, ինչպիսի արդյունք կգրանցի, ցույց կտա մրցահարթակը։ Ինձ համար շատ կարեւոր է այս առաջնությունը, քանի որ օլիմպիական վարկանիշային է։ Իմ հիմնական նպատակն այս պահին հաջող մրցելույթներն են ու վարկանիշներ ձեռք բերելը։ Դեռեւս մեդալների մասին չեմ մտածում, մեդալներ չեն լինի, հույսեր չունենք։ Բայց վարկանիշներ ձեռք բերելու հույսեր ունենք։ Միայն այս առաջնությունով չի որոշվելու մեր վարկանիշները, դեռ առջեւում ունենք վարկանիշային առաջնություններ, որոնց հանրագումարում պարզ կլինի, թե Օլիմպիական խաղերի քանի ուղեգիր կնվաճի կանանց հավաքականը։

63 կգ քաշային կարգում երկու ներկայացուցիչ կունենա Հայաստանը։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը եւ ինչպե՞ս է ընտրվել կազմը։

63 կք քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը եւ Քրիստինե Պետրոսյանը, բայց վարկանիշները կհաշվարկվեն 6 ծանրորդների բարձրացրած կիլոգրամների արդյունքում։ Կազմը ընտրել եմ նրանից, ինչ ունենք։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են այն ծանրորդները, ում ունենք։

Նշեցիք, որ մեդալներ չեն լինի, հույսեր չկան։ Ինչո՞ւ, ի՞նչ խնդիրներ ունեն աղջիկները։

Աղջիկների մեծ մասը երկարատեւ դադարից հետո են վերադառնում մրցահարթակ։ Սա արդեն խնդիր է։ Աղջիկները գտնվում են նորմալ մարզավիճակում։ Նորմալ այն իմաստով, որ նրանց առջեւ մեդալ նվաճելու խնդիր դրված չէ։ Հավաքականում ունենք ծանրորդներ, ովքեր երկարատեւ դադարից հետո են վերադարձել մրցահարթակ։ Այդպես օրինակ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա երկու տարի դադար տվեց, մայր դարձավ, եւ վերադարձել է մարզումների 8 ամիս առաջ։ Իսկ 8 ամիսը շատ կարճ ու քիչ ժամանակ է աշխարհի առաջնությունում մեդալի համար պայքարելու համար։ Մելինե Դալուզյանն է ծնկի երկարատեւ հետվիրահատական բուժումից հետո վերադառնում։ Նա էլ՝ մեկ տարի չի անցել, ինչ վերսկսել է մարզումները։ Քրիստինեի ուսի վնասվածքը դեռ լիարժեք չի ապաքինվել։ Այս ամենով հանդերձ մենք փորձելու ենք պայքարել վարկանիշների համար։ Իսկ մեդալների մասին կմտածենք արդեն հաջորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով