Բազկամարտն օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն ֆինանսավորվում է ՀԱՕԿ-ի կողմից: Այդ մասին մայիսի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:
Հայաստանում բազկամարտով զբաղվողները շատ չեն, բայց արդեն լավ արդյունքներ գրացվել են մարզաձեւում: Ա. Գաբրիելյանը նպատակ ունի մարզաձեւը զարգացնել Հայաստանի բոլոր մարզերում: Ըստ նրա՝ բազկամարտն իսկական հայ տղամարդու մարզաձեւ է:
«Հայաստանում բազկամարտով զբաղվում են մոտ 500 երիտասարդներ: Նրանց մեծ մասը մարզերի երիտասարդներ եւ պատանիներ են: Տարբեր մարզերում ունենք ակտիվիստներ, որոնք խմբակներով մարզում են նրոնց, ովքեր նույնիսկ մի փոքր ցանկություն ունի մարզվել կամ ստուգել ձեռքի ուժը: Մեր աշխարհագրությունը բավական մեծ է՝ խմբակներ ունենք Արմավիրի, Գեղարքունիկի, Կոտայքի, Շիրակի, Լոռվա մարզերում: Գրեթե Հայաստանի 10 մարզերում ունենք այս մարզաձեւով զբաղվողներ: Հուսադրողն այն է, որ գնալով մեր մարզաձեւն ավելի մասսայական է դառնում, բազկամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
ՀԲՖ նախագահը նկատեց, որ Հայաստանում շրջաններից ամենաակտիվը Տավուշի մարզն է. իրենց ուժով աչքի են ընկնում հատկապես իջեւանցիները:
Հայաստանում դեռեւս միջազգային կարգի, խոշոր մրցաշարեր չի նախատեսվում, քանի որ ՀԲՖ-ն դեռեւս միտված է հայ մարզիկների միջազգային ասպարեզում հաջողություններին եւ առաջընթացին:
«Հայաստանում դեռեւս միջազգային մրցաշար չի անցկացվի: Այստեղ միայն կբավարարվենք մեր ներքին մրցումներով, Հայաստանի առաջնություններով: Թող չթվա, թե պատրաստ չենք: Մենք պատրաստ ենք, նույնիսկ ֆինանսապես կարող ենք մեզ պատրաստ համարել: Այս պահին կենտրոնացել ենք միջազգային մրցումներին մեր մասնակցություններն ապահովելով եւ ավելի շատ մեդալներ բերելով»,- ավելացրեց Ա. Գաբրիելյանը:
Հարցին, թե ինչպի՞սին է հայկական բազկամարտի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ՀԲՖ նախագահը պատասխանեց.
«Բավական բարձր: Մարզիկների մեծ քանակ չենք ներկայացնում, բայց որակը բավական բարձր է: Օրինակ՝ վերջին Եվրոպայի առաջնությունում նվաճեցինք 7 մեդալ, որից 4-ը՝ ոսկե: Սա խոսում է մեր որակի մասին: Բազկամարտում լավ արդյունքներ ցուցադրող մարզիկները սովորաբար ներգրավվում են պրոֆեսիոնալների լիգայի մրցումներին: Այդ լիգան կոչվում է պրոֆեսիոնալների արմռեսլինգի լիգա, կրճատ՝ ՊԱԼ: Մեր մարզիկներն արդեն մի քանի տարի է մասնակցում են այդ մրցումներին: Դա առանձին մրցաշար են, որը կոչվում են «Նեմիրովի գավաթ»: Սա բավական լուրջ մրցաշար է բազկամարտում: Մեր մարզիկներն այդ մրցաշարից վերադառնում են կամ չեմպիոնների կոչումով, կամ որպես մրցանակակիրներ: Բազկամարտն այնպիսի մարզաձեւ է, որտեղ առաջնային տեղում է ուժը, ինչի պակասը հայ տղաները չունեն: Բացի այդ, բազկամարտում կարեւոր է նաեւ վարպետությունը, հնարքնենրի տիրապետումը, եւ մեկնարկային պահը»:
Պարզվում է՝ բազմկամարտն էլ «պաշտպանված» չէ դոպինգից: Այս մասին բազմկամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Արմեն Չապուխյանն ասաց.
«Դոպինգ օգտագործվում է: Հայերն էլ հեռու չեն դրանից: Աշխարհում շատ են լինում դեպքեր, երբ մարզիկները բռնվում դոփինգ օգտագործելիս կամ բացահայտվում է, որի դեպքում 3-5 տարի զրկում են մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Անցել ենք դոպինգ հսկողություն վերջերս, պատասխանները կգան մոտ երկու ամսից»:
Բազկամարտը օլիմպիական մարզաձեւ չէ, բայց ֆինանսավորվում է ՀԱՕԿ-ի կողմից:
«Պետբյուջեից չենք ֆինանսավորում: Միայն ՀԱՕԿ-ն է մեզ աջակցում: Կոնկրետ գումար չի մեր աջակցությունը, այն պարբերաբար փոփոխվում է: Օրինակ՝ Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Դեռեւս մտածում ենք մարզաձեւը զարգացնելու, որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճելու մասին: Մյուս հարցերի մասին կմտածենք հաջողություններ գրանցելուց հետո»,- ավելացրեց Արսեն Գաբրիելյանը:
Պատրաստեց՝ Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում