Ազգային առաջնություններն ավարտվում են: Շուտով կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Հայ ֆուտբոլասերների համար առավել հրատապը Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ռմբարկու Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցն է: Երկրպագուների մեծամասնության կարծիքով, նա պետք է խաղա ավելի բարձակարգ թիմում:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Յուրա Մովսիսյանի հետ:
Յուրա, Ռուսաստանի առաջնությունը մայիսի 13-ին ավարտվում է: Որո՞նք են քո առաջիկա անելիքները:
Մայիսի 13-ին առաջնությունը կավարտվի եւ հաջորդ օրը ես ընտանիքիս հետ կմեկնեմ ԱՄՆ: Մայիսի 25-ին կգամ Հայաստան, որպեսզի հավաքականի հետ պատրաստվեմ առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:
Վերջին ամիսներին շատ է խոսվում մեկ այլ թիմ քո տեղափոխվելու մասին: Կա՞ նորություն:
Ինտերնետում շրջանառվող բոլոր լուրերն անհիմն են: Ես մնալու եմ «Կրասնոդարում». դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ:
Այսինքն, դու վստահ ես, որ ամռանը ուրիշ ոչ մի թիմ չես տեղափոխվի:
Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:
Իսկ եթե լինի տարբերակ` ո՞ր առաջնությունը կնախընտրես:
Ինձ համար շատ լավ կլիներ խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում, կամ էլ մեկ այլ ուժեղ առաջնությունում:
Ռուսաստանի առաջնությունում վերջին տարիներին մեծ գումարներ են ծախսում: Այն մոտեցե՞լ է եվրոպական առաջնություններին:
Այո, սա ուժեղ առաջնություն է: Մեծ գումարներ են ներդրվում: Ուժեղ ֆուտբոլիստներ են այստեղ խաղում: Կարծում եմ` Ռուսաստանի առաջնությունը լավագյուն 5-6 առաջնությունների մեջ է:
Գո՞հ ես Կրասնոդարում անցկացրած այս մրցաշրջանից:
Այս մրցաշրջանն ինձ համար առաջինն էր նոր թիմի կազմում: Պետք էր հարմարվել: Չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց վատ չէր:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում