16:11  ,  3 մայիսի, 2012

Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեեւը Լոնդոնում հաջողություն կունենան. հարցազրույց

Հունահռոմեական ըմբշամարտի  Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող ըմբիշներից Արսեն Ջուլֆալակյանը առաջինը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր, իսկ հետո նույն արդյունքին հասան նաեւ Արթուր Ալեքսանյանն ու Յուրի Պատրիկեեւը:  Ջուլֆալակյանն ու Պատրիկեեւը Երեւանում մարզվում են Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ։ Իր սաներին ներկայացնելիս մարզիչը հպարտ էր, որ նման մարզիկների հետ է աշխատում: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Սամվել Գեւորգյանի հետ։

Պարոն Գեւորգյան քանի՞ տարի է աշխատում եք Արսենի ու Յուրայի հետ:

Արսենի հետ սկսել ենք աշխատել 2004 թվականից, մեկ տարի անց էլ Յուրան արդեն սկսեց հանդես գալ Հայաստանի թիմի կազմում:

Պարզ է, որ նրանք ճանաչված ու տիտղոսակիր մարզիկներ են, բայց գորգից դուրս եւ ընդհանրապես կյանքում ինչպիսի՞ մարդիկ են:

Նախ ասեմ, որ երկուսն էլ ըմբշամարտի լեզվով ասած «կռվող» տղաներ են ու մինչեւ վերջ պայքարում են յուրաքանչյուր գոտեմարտում: Միայն ուժեղ լինելը ըմբիշին հաջողություն չի բերի. սիրտ ու հոգի է հարկավոր արդյունքի հասնելու համար: Բոլորն էլ մարզվում են ու հասնում որոշակի հաջողությունների, սակայն եզակի մարզիկներ ունեն նման հատկանիշներ եւ դրա համար էլ առաջատար են:

Իսկ շփման մեջ Արսեն ու Յուրան ինպիսի՞ն են:

Հիշում եմ Ալեքսանդր Կարելինի խոսքերը։ Նա մի անգամ նշեց, որ ամբողջ աշխարհում փնտրես՝ Արսեն Ջուլֆալակյանի նման ինտելեկտով ըմբիշ կարող է չգտնես: Այս առումով Արսենը եզակի է: Ես ոչ միայն նրա մարզիչն եմ. մեր հարաբերությունների մեջ ես նաեւ Արսենի ավագ եղբայրն եմ (ժպտում է), բոլոր առումներով կրթված ու բարձր մակարդակ ունեցող անձնավորություն է եւ դա օգնում է նրան նաեւ սպորտում: Արսենը երբեք չի մոռացել իր նախկին մարզիչներին, չի մոռանում իր ընկերներին եւ սա նրա մարդկային բարձր որակների մասին է խոսում: Լինելով հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ նա երբեք չի առանձնացել մյուսներից: Կարճ ասած՝ Արսենը անհատականություն է, ինչն իհարկե մեծություն է:

Իսկ Յուրա Պատրիկեե՞ւը:

Ռուսաստանից տեղափոխվելով Հայաստան՝ Պատրիկեեւից շատ կարճ ժամանակ պահանջվեց հարմարվելու համար: Ասեմ, որ Հայաստան տեղափոխվելը փաստացի կազմակերպեց Գագիկ Ծառուկյանը: Յուրան մեր բոլոր ավանդույթները պահպանող տղա է ու նրա հետ աշխատելն ու շփվելը շատ հեշտ է: Ասեմ, որ մենք ծանոթ էինք մինչեւ Հայաստան գալը եւ երբ Յուրան ժամանեց, ինքը ինձ ընտրեց որպես մարզիչ:  Լինելով տիտղոսակիր ու ճանաչված մարզիկ՝ Պատրիկեեւը լսում է բոլոր հրահանգները ու կատարում: Ժամանակին մի փոքր խնդիր կար սպարինգների հետ կապված, քանի որ այս քաշային կարգում հայ ըմբիշները չէին կարողանում նրա հետ պայքարել, հիմա ամեն ինչ կարգին է: Նա այստեղ մարզվում ու ապրում է:

Ձեր երկու մարզիկներն էլ հանդես են գալու Օլիմպիական խաղերում:

Դա արդեն հաջողություն է, սակայն մենք երբեք ձեռք բերածով չենք բավարարվում: Ես հուսով եմ ու հավատում եմ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրա Պատրիկեեւը Լոնդոնում հաջողություն կունենան: Առաջ չեմ ուզում ընկնել, բայց նրանք ի զորու են նվաճել օլիմպիական ոսկե մեդալ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով