00:01  ,  15 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Սերգեյ Միքայելյան. Կիսահարբուխային վիճակ է մոտս, բայց հանձնվելու իրավունք չունեի

Իրականում չէի զգում ոչինչ՝ ոչ արագություն, ոչ տեմպ, միայն հասկանում էի, որ ինձ լավ չեմ զգում: Այնքան չեմ զգացել այսօր ինձ դահուկների վրա, որ չեմ նկատել, թե ինչպես եմ 15-րդը եղել 2.2 կմ-ում: Եթե զգայի, գուցե տեմպս չկորցնեի եւ 30-յակում հայտնվեի: Հետո երբ արդյունքներս նայեցի, հասկացա, որ ես հնարավորություն ունեի, միայն թե ինքնազգացողությունս ինձ չխանգարեր: Իմ արդյունքից բնականաբար գոհ չեմ, բայց իրականում 46-րդը լինելը մեզ համար վատ արդյունք չէ, բայց դե լավ էլ չէ:

Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց 22-րդ ձմեռյաին օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: 15 կմ դասական ոճում Սերգեյ Միքայելյանը գրավել է 46-րդ տեղը:

Սերգեյ, այսօր դու 46-րդը հասար վերջնագիծ: Ինչպե՞ս կմեկնաբանես մրցելույթդ:

Ինչպես արդեն բոլորը հասկացան, այստեղ թեժ պայքար է ընթանում: Օլիմպիական չեմպիոն դարձավ անցած Խաղերի չեմպիոնը: Իսկ դա նշանակում է, որ նա այս մրցատարածությունում դեռես անհաղթահարելի է: Այսօրվա մրցակիցները երեք խմբի էին բաժանված՝ ուժեղագույնների խումբ, միջինների եւ թույլերի: Դա պայմանավորված էր միավորներով: Ես թույլերի խմբի ամենառաջին մեկնարկողն էի, իսկ որքան քիչ միավորներով ես, այնքան թույլ ես: Ստացվում է ես մեր խմբի ամենաթույլ դահուկորդն էի, քանի որ առաջին մեկնարկողն էի (ծիծաղում է): Առաջինը ես մեկնարկեցի, բայց շատերին հետ թողեցի իմ խմբից: Ինձանից հետո կանգնած էր իտալացին: Սկզբից ես նրանից առաջ էի, հետո նա ինձ մոտեցավ եւ ինձանից առաջ անցավ՝15 վայրկյանի տարբերությամբ: Սակայն ես նրան կրկին անցա, քանի որ իրավունքն չունեի հանձնվելու: Եթե հանձնվեի, ես 46-րդը  չէի հասնի վերջնակետին, այլ ամենավերջինը կասնեի: Բայց նորից  եմ կրկնում հանձնվելու իրավունք չունեի:

Գո՞հ ես քո ելույթից, թե՞ կարող էիր անել ավելին:

Նշեմ, որ ինքնազգացողությանս հետ կապված խնդիրներ ունեի, կիսահարբուխային վիճակ է մոտս: Իսկ մեր մյուս դահուկորդը՝ ընկերս՝ Արթուր Եղոյանը, ընդհանրապես չկարողացավ այսօր ոտքի կանգնել եւ մեկնարկի դուրս գալ. նա անկողնում պառկած է: Ամբողջ գիշեր չկարողացավ նույնիսկ աչք փակել՝ արնահոսում էր քթից:  Ես նորմալ վիճակում էի, ամեն դեպքում թուլություն զգում էի: Ես առավոտյան որոշում կայացրեցի մեկնարկի կանգնել, ինչ լինում է լինի:

Իսկ գոհ եմ, թե ոչ՝ կնշեմ, որ սա բավարար արդյունք է: Իմ արդյունքից բնականաբար գոհ չեմ: Բայց վատ չստացվեց: 46-րդ հորիզոնականը վատ չի: Բնականաբար՝ լավ էլ չի: Ցանկանում էի  30-ի մեջ լինել:

Ընթացքում դու պարբերաբար բարելավում էիր քո դիրքը, նույնիսկ 15-րդ տեղում մի պահ հայտնվեցիր: Ի՞նչը քեզ խանգարեց, որ վերջում ընթացքդ դանդաղեցրիր:

Երբ մարզիկն իրեն դահուկի վրա վատ է զգում, կիսահարբուխային վիճակ է, թուլություն է զգում, նա չի կարող զգալ իր տեմպը: Անհնար է ուղղակի զգաս կամ ղեկավարես քո արագությունը, նույնիսկ չես զգում լավ ես ընթանում, թե վատ: Այդպես էլ այսօր ինձ հետ էր տեղի ունենում: Ինձ հետո արդեն մարզիչներս ասում են՝ գիտես 2.2 կիլոմետրում դու 15-րդ տեղում էիր: Ասում եմ, ինչպես, հնարավոր չի ուղղակի: Իսկ ինձ թվացել է, որ ամբողջ մրցուղին ես անցել եմ նույն տեմպով, նույն արագության տակ՝ առանց տեմպս փոխելու: Հետո ինձ հանձնում են արդյունքներս, նայում եմ ու հասկանում, որ ես պարբերաբար բարելավել եմ իմ արդյունքները՝սկզբում 20-յակում եմ եղել, հետո ավելի հետ, հետո կրկին բարելավել եմ արդյունքս, 46-րդը հասել ֆինիշ:

Մրցուղու մասին ի՞նչ կասես: Կրկին բա՞րդ էր, ինչպես 30 կմ մրցուղում:

Ընդհանրապես, Սոչիի մրցուղիները բավական բարդ են եւ ոչ միայն ինձ համար, այլ բոլորի համար: Բայց նման դահուկուղի երբեք չեմ հանդիպել: Այստեղ միայն մեկ կիլիոմետրը վերելք դահուկուղի է, ինչը շատ քիչ տեղերում կհանդիպես: Դա ամենաբարդ մրցուղին է:

Այսօր նույնիսկ շնչառությունս շատ չբարձրացավ, ինչն իրականում շատ վատ է. չկարողացա ուղղակի շատ ստիպել ինձ, շատ ուժ ներդնել: Այդ պատճառով շնչառությունս շատ չխանգարեց ինձ:

Մարզիչ ծնողներդ ինչպե՞ս են գնահատում ելույթդ:

Վատ: Նրանք իմ ամենամեծ քննադատներն են: Հասկանալի է: Ընդունում եմ նրանց յուրաքանչյուր քննադատություն: Գուցե այստեղ, այնտեղ խոսելիս ասեն, որ հա, լավ էր, բավարար էր, բայց ես հո գիտեմ, որ հայրս գոհ չէ:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով