13:22  ,  2 մայիսի, 2012

Ստեփանակերտցի տղայի մոսկովյան նվաճումները. Սամվել Ավագյանի պատմությունը

Արդեն մի քանի տարի ռուսալեզու ինտերնետի ամենահայտնի կայքերից մեկը առաջատար դիրքերում գտնվող Championat.com-ն է, որի ֆուտբոլային բաժինը ղեկավարում է Սամվել Ավագյանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Սամվել պատմիր քո մասին: Որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ սովորել: Ինչպե՞ս դարձար մարզական լրագրող:

Ես ծնվել եմ Ստեփանակերտում, տեղի դպրոցում ստացել եմ 8-ամյա կրթություն, այնուհետեւ ընդունվել եմ Երեւանի տեխնիկական քոլեջներից մեկը, որտեղ սովորել եմ մեկ տարի, որից հետո ծնողներս մտածեցին որ 13-ամյա տղայի համար դժվար կլինի մեծ քաղաքում, եւ ես վերադարձա Ստեփանակերտ: Իսկ մեկ տարի անց սկսվեց պատերազմը: Շուշիի ազատագրումից հետո, ես մեկնեցի Մոսկվա` ճամբար: Պիոներների տան տնօրեն Սիլվա Պետրովնան, ով մեզ հետ էր, ամեն ինչ արեց, որ մենք մնանք Մոսկվայում, որովհետեւ Արցախում զինված հակամարտությունը շարունակվում էր: Ահա այդպես, նա իր թեթեւ ձեռքով փոխեց իմ ճակատագիրը: Մոսկվայում ես սկսեցի դպրոց հաճախել, հայկական համայնքը աջակցում էր մեզ: Այնուհետեւ ընդունվեցի Մոսկվայի տեխնիկական համալսարանը եւ այդպես մնացի Մոսկվայում:

Լրագրությունում, ինչպես եւ Մոսկվայում, պատահական եմ հայտնվել: Մանկուց հետաքրքրվել եմ ֆուտբոլով, ինքս էլ էի խաղում: Մոսկվայում շատ ընկերներ ունեի, ովքեր կապված էին լրագրության հետ` Միշա Սանաձեն, Սաշա Շմուրնովը, Միխայիլ Մելնիկովը: Նրանք ինձ շատ օգնեցին: Հիշում եմ` մի անգամ ֆուտբոլային խաչբառ կազմեցի եւ ուղարկեցի «Спорт-экспресс»-ի խմբագրություն, եւ զարմացա` տեսնելով իմ ազգանունը: Իմ կարիերան սկսել եմ հեռուստաընկերությունում: РТР հեռուստաալիքում կար մի հաղորդում` «Футбол+ТВ», որտեղ աշխատում էին իմ ընկերներ Շմուռնովն ու Սանաձեն: 2000թ. Եվրոպայի առաջնության ժամանակ նրանք մեկնել էին Հոլանդիա, որպեսզի լուսաբանեին այդ մրցաշարը, իսկ Ռուսաստանում դեռ շարունակվում էր առաջնությունը: Նրանք, ռիսկի դիմելով, ինձ ծանոթացրին ծրագրի տնօրինության հետ: Ես մի քանի սյուժեներ պատրաստեցի, որից հետո աշխատանքի ընդունվեցի «Եվրոֆուտբոլ» շաբաթաթերթում, իսկ հետո` այլ պարբերականներում: Ավելի փորձառու դարձա: 2005-ին տեղափոխվեցի НТВ+, որտեղ զբաղվում էի խմբագրական աշխատանքով: Իսկ 2007-ին ինձ հրավիրեցին championat.com որպես ֆուտբոլային բաժնի ղեկավար: Ես երկար մտածեցի, քանի որ այն ժամանակ ինտերնետն այնքան էլ զարգացած չէր, բայց ինչպես հետագայում պարզվեց` դա ճիշտ որոշում էր: Կարծում եմ, արդեն հիմա ինտերնետն առաջատար դիրքերում է, եւ դեռ շատ ավելի խելահեղ տեմպերով կշարունակի զարգանալ:

Այժմ կան բազմաթիվ ռուսական մարզական կայքեր: Սուր մրցակցություն է: Ինչի՞ հաշվին է championat.com-ն շարունակում մնալ առաջատար դիրքերում: 

Մենք` նախագծի ղեկավար Դմիտրի Սերգեեւի գլխավորությամբ, լավ կոլեկտիվ ենք հավաքել: Մենք շատ լավ լրագրողներ ու խմբագիրներ ունենք եւ եթե նայենք վիճակագրությանը, ապա մենք արդեն մի քանի տարի է շարունակում ենք պահպանել առաջատար դիրքերը: Մենք երբեք նույն տեղում չենք դոփում: Անընդհատ փորձում ենք ինչ-որ նոր բան անել:

Քանի՞ աշխատակից ունի կայքը:

Հարյուրից ավելի: Բացի այդ, քանի որ մենք ընդգրկված ենք SUP Media ընկերության մեջ, այդ հոլդինգի այլ ստորաբաժանումներ եւս ժամանակ առ ժամանակ հատուկ ծրագրերի ժամանակ միանում են մեզ: Ֆուտբոլի բաժնում 10 աշխատակից ունենք, գումարած արտահաստիքային լրագրողները:

Իսկ ի՞նչ տեղ եք հատկացնում բլոգներին ու կոնֆերենցիաներին:

Բլոգներն ու կոնֆերենցիաները ժամանակին շատ պոպուլյար էին: Ժամանակին մեզ մոտ իրենց բլոգներն ունեին Դմիտրի Սիչյովը, Իգոր Ակինֆեեւը, Սերգեյ Օվչիննիկովը: Հուսով ենք` շուտով կբացենք Ալեքսանդր Կերժակովի բլոգը: Ցավոք, բլոգներն ու կոնֆերենցիաները աչքի չեն ընկնում մշտական հաճախելիությամբ:

Ձեր կայքում մի նոր նախագիծ կա, կոչվում է «Околесица» Գեորգի Չերդանցեւի հետ: Պատմիր դրա մասին:

Դա հետաքրքիր նախագիծ է: Դրան մասնակցում են նշանավոր մարդիկ, ովքեր ֆուտբոլի հետ ոչ մի կապ չունեն: Գեորգին իրեն հատուկ հումորով մեկնաբանում է նրանց արտահայտությունները: Մենք բոլորս էլ գիտենք Չերդանցեւին, որպես հաղորդավարի, բայց այս նախագծում նա իրեն լիովին նոր կողմով է բացահայտում:

Ո՞ր առաջնություններն են ձեր կայքում ավելի մեծ մասսայականություն վայելում:

Բնականաբար, առաջին տեղում Ռուսաստանի առաջնությունն է, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա մի քանի թիմեր` «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, «Զենիթը»: Եվրոպական առաջնությունների ու թիմերի մասին նույնպես ընթերցում են, բայց դրանք զիջում են ռուսականին:

Ինչպե՞ս եք պատրաստվում լուսաբանել Եվրո-2012-ը: Քանի՞ լրագրող է մեկնելու այդ մրցաշարին:

Մենք այդ մրցաշարը լուսաբանելու համար կուղարկենք 9 աշխատակցի` լրագրողներ, լուսանկարիչներ եւ վիդե-բրիգադ: Բնականաբար, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականների ելույթների վրա: Ուկրաինայում մենք մեր սեփական խմբագրությունն ունենք: Մեր մոսկովյան թղթակիցներին կօգնեն ուկրաինացի մեր գործընկերները:

Հայաստանի առաջնության մասին քիչ եք գրում: Հնարավո՞ր է հետագայում համագործակցեք հայկական մարզական կայքերի հետ:

Մոտ օրերս մենք պատրաստվում ենք բարելավել մեր վիճակագրության  բաժինը: Այդտեղ մոտ 100 երկրների վերաբերյալ տեղեկություններ կլինեն: Հայաստանի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը նույնպես այդտեղ ներառված կլինեն:  Հնարավոր է, որ մենք համագործակցենք որոշ հայկական կայքերի հետ: Մենք հիմա էլ ենք լուսաբանում Հայաստանի առաջնության ու Հայաստանի հավաքականի կարեւորագույն  իրադարձությունները: Հայաստանի ընտրանին  Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում ուղղակի հրաշալի խաղաց:

Հետեւու՞մ ես հայկական ֆուտբոլին:

Միշտ էլ հետեւել եմ Հայաստանի հավաքականի ելույթներին: Առաջնությանը բարդ է հետեւելը, քանի որ Հայաստանում չեմ ապրում, երբեմն նայում եմ մրցաշարային աղյուսակը: Հավաքականում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Տպավորիչ է, որ 37-ամյա Ռոման Բերեզովսկին, ով հիանալի անձնավորություն է, նախկինի պես հուսալի է գործում: Մենք նրա հետ շատ ենք շփվել: Իմիջիայլոց, մի անգամ մենք ծիծաղելի դրության մեջ ենք հայտնվել: Նա HTB+-ի հյուրն էր մեզ մոտ: Եթերից առաջ մենք սրճարանում սուրճ էինք խմում, խոսում էինք, երբ նա իմացավ, որ ես Ղարաբաղից եմ, առաջարկեց զրույցը շարունակել մեր բարբառներով:Պարզվեց, որ կարիերայի սկզբում Ռոման խաղացել է Կապանում, իսկ կապանցիների բարբառը շատ նման է ղարաբաղյանին: Միայն պետք է տեսնեիք հեռուստատեսության աշխատակիցների զարմանքը, երբ մենք երկուսով խոսում էինք նրանց համար անհասկանալի լեզվով:

Շատ եմ հարգում Սարգիս Հովսեփյանին: Հենրիխ Մխիթարյանն առանց չափազանցության եվրոպական կարգի ֆուտբոլիստ է: Յուրա Մովսիսյանը նույնպես հիանալի ֆուտբոլիստ է: Նրանք մեր ազգին իսկական հեքիաթ նվիրեցին:

Ես НТВ+ -ի երկու հաղորդավարներից հարցազրույցներ եմ վերցրել, եւ այն հարցին, թե նրանք մարզական լրագրողներից ում հետ են ավելի մտերիմ, երկուսն էլ նշել են քո անումը: Իսկ դու ինքդ քո գործընկերներից ու՞մ հետ ես ավելի մտերիմ:

Հարցազրույցի սկզբում իմ մի քանի ընկերների մասին արդեն պատմեցի: Իմ լավագույն ընկերներից է Եվգենի Կրասիլնիկովը: Նա այժմ Ռուսաստանի ֆուտբոլային միության էթիկայի կոմիտեի անդամ է: Լավ հարաբերություններ ունեմ  Տաշ Սարկիսյան հետ, մենք նրա հետ աշխատել ենք «Футбольная ночь» ծրագրում: Նա այժմ Total Football ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մտերիմ եմ Չերդանցեւի, Գենիչի հետ: Կոստյան ընդհանրապես յուրօրինակ մարդ է, շատ դրական: Մտերիմ եմ նաեւ իմ հայ գործընկերների հետ` մեր կայքից Նիկոլայ Պետրոսյանի, Նոբել Առուստամյանի, Sportbox-ից Արտուշ Մկրտչյանի հետ: Ես շատ լավ ընկերներ ունեմ:

Հաճա՞խ ես լինում Հայաստանում եւ Արցախում:

Այո, անցած տարի ընտանիքով եկել էինք Երեւան, հետո մեկնեցինք Արցախ: Կինս երեխաների հետ նախանցած տարի նույնպես Հայաստանում է հանգստացել: Իմ բոլոր հարազատները Ստեփանակերտում են ապրում: Հայաստանում նույնպես շատ բարեկամներ ունեմ: Երբ ես անցած տարի եկա Երեւան, հաճելիորեն զարմացա: Քաղաքը շատ է գեղեցկացել: Կարող եմ վստահաբար ասել, որ այն միշտ էլ գեղեցիկ է եղել, իսկ Կենտրոնը ոչնչով չի զիջում եվրոպական քաղաքներին:

Մի քանի օր առաջ Մոսկվայում էր լեգենդար Զինեդին Զիդանը: Նա լրագրողների հետ ֆուտբոլ է խաղացել, եւ դու նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ ես դարձել:

Զիդանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Ես ամբողջ օրն այդ տպավորության տակ էի, կարծես կրկին մանկություն էի վերադարձել: Ինձ այդ օրվանից հիշատակ մնաց նրա մակագրությամբ գնդակը:

Եվ վերջում կարճ բլից

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլի՞ստը 

Մարադոնա եւ Մեսսի

Ակու՞մբը

«Սպարտակ»

Քաղա՞քը

Լոնդոն 

Սիրած արտահայտությու՞նը

Ամեն ինչ լավ կլինի:

Հուսով եմ, որ քո կյանքում ամեն ինչ լավ կլինի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով