00:55  ,  23 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Մենք հեշտ հաղթանակներ քիչ ենք ունենում

Մենք հեշտ հաղթանակներ քիչ ենք ունենում, այն էլ Ուկրաինայի Գավաթի եզրափակիչում, ասել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, փոխանցում է ակումբի կայքը: «Շախտյորը» 2:1 հաշվով առավելության հասավ «Չեռնոմորեցի» նկատմամբ եւ 9-րդ անգամ նվաճեց Ուկրաինայի գավաթը:

Հենրիխ, դու մի քանի հրաշալի պահեր ունեցար: Ինչո՞ւ չստացվեց իրացնել դրանք:

Ամենագլխավորն այն է, որ թիմը հաղթեց: Հաջողվեց գոլային փոխանցում կատարել: Վախենալու բան չկա, որ չկարողացա գնդակ խփել:

«Չեռնոմորեցը» շա՞տ խնդիրներ ստեղծեց:

Առաջին խաղակեսում շատ ուժեղ էին խաղում, փակում էին գոտիները: Լավ է, որ մեզ հաջողվեց ընդմիջումից առաջ գնդակ խփել: Կարծում եմ, որ այդ պահին «Չեռնոմորեցի» ֆուտբոլիստներն արդեն ցանկանում էին, որ առաջին խաղակեսը շուտ ավարտվի, նրանք ցանկանում էին նոր հրահանգներ լսել մարզիչից, այդ պատճառով էլ որոշակիորեն թուլացրին զգոնությունը: Իսկ մեզ հաջողվեց թույլ տեղ գտնել պաշտպանությունում եւ գրավել դարպասը: Այդ պատճառով երկրորդ խաղակեսում խաղալը շատ ավելի հեշտ էր: «Չեռնոմորեցը» պետք է վերադարձներ կորցրածը: Մենք ստացանք ազատ գոտիներ:

Հե՞շտ հաղթանակ էր:

Մենք հեշտ հաղթանակներ քիչ ենք ունենում, այն էլ Ուկրաինայի Գավաթի եզրափակիչում: Կողքից կարող էր թվալ, որ հեշտ հաղթանակ էր, բայց հավատացեք, որ այդպես չէ: Երեք օր առաջ մենք առաջնության հանդիպում ունեինք: Լուչեսկուն մի քանի ֆուտոբլիստների փոխարինել էր, բայց մյուսները այսօր հոգնած էին: Բայց յուրաքանչյուրը գործադրեց առավելագույն ջանք, որպեսզի թիմը հաղթի:

Հենրիխ, թիմը անսովոր նշեց հաղթանակը, կենդանի երաժշտությամբ: Սա նո՞ր ավանդույթ է «Շախտյորում»:

Ես չեմ դա ներմուծել (ժպտում  է): Բրազիլացիներին հարցրեք:

Ուրբաթ «Շախտյորին» ոչ հեշտ հանդիպում է սպասվում 111 երեխաների դեմ: Այսօրվա խաղից հետո ուժերը կհերիքե՞ն:

Իհարկե: Երեխաների հետ խաղալը միշտ հաճելի է: Կլինեն մեծ հույզեր եւ ցանկություն: Կարծում եմ, որ նրանց համար տոն կլինի: Մենք հաճույքով կանցկացնենք այդ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում