12:05  ,  21 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Այժմ արդեն գործն արված է, ռեկորդը կա եւ կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը

Կիսապաշտպանի բարձր արդյունավետությունն իրականում հարձակվողների աշխատանքի արդյունքն է, ասել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության արդյունավետության ռեկորդակիր Հենրիխ Մխիթարյանը vesti.ua-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 24 գնդակ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում:

«Ես վառ արտահայտված հարձակվող չեմ, բայց «Շախտյորը» խաղում է հարձակողական ֆուտբոլ, եւ ես ստիպված եմ լինում շատ ժամանակ անցկացնել մրցակցի տուգանային հրապարակում: Այդ պատճառով ես որպես երկրորդ հարձակվող կարողացա այսքան շատ գնդակ խփել: Բայց իհարկե դա ամբողջ թիմի եւ իմ թիմակիցների շնորհիվ է:

Ֆուտբոլը դարձել է այնքան ունիվերսալ, որ գնդակ են խփում ոչ միայն հարձակվողները, բայց նաեւ դարպասապահները: Կիսապաշտպանի բարձր արդյունավետությունն իրականում հարձակվողների աշխատանքի արդյունքն է: Նրանք բացվում են, ազատ գոտիներ են ստեղծում խաղընկերների համար: Նույնն է նաեւ «Շախտյորում»: Ինձ համար շատ էին տարածություն բացում եւ Սելեզնյովը, եւ Դեւիչը, եւ Ադրիանոն:

Եթե դու կարող ես գնդակ խփել, ապա պետք է գործես ինքնուրույն: Բայց եթե տեսնում ես, որ թիմակիցդ ավելի լավ դիրքում է՝ անհրաժեշտ է փոխանցում կատարել: Առհասարակ, եսասեր պետք է լինես մարզումների ժամանակ։ Հանդիպման ժամանակ պետք է լինես ալտրուիստ, թիմային խաղ ցուցադրես։ Կարծում եմ, որ «Շախտյորում» եսասեր չկա։

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում խփածս գոլերից ամենաթանկն ու ամենածանրը 23-րդն էր: Երկար էի դրան սպասում: Երեք տուր չէի կարողանում խփել: Այն ինձ տվեց ավելի մեծ վստահություն եւ հանգստություն: Այժմ արդեն գործն արված է, ռեկորդը կա եւ կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը:  

Հետաքրքիր է խաղալ Ուկրաինայի առաջնությունում, քանի որ յուրաքանչյուր տարի այն ավելի է բարդանում։ Վերջին տարիներին թիմերը մեծ աճ են գրանցել։ Հիմնական խնդիրը ստադիոնների խոտածածկն է։ Մարտին եւ նոյեմբերին անհնար է ֆուտբոլ խաղալ։

«Բորուսիայից» կրած պարտությունը թյուրիմացություն եմ համարում։ Պատճառը 3-ամսյա խաղային դադարն էր։  Եթե այժմ 10 հանդիպում անցկացնենք նրանց հետ, ապա 9-ում նվազագույնը չենք պարտվի:

Չեմ տեսնում ինձ կողքից եւ չեմ կարող գնահատական տալ։ Ավելի լավ կլինի հարցնել մասնագետների, ովքեր կարող են իսկապես համեմատել տարբեր ֆուտբոլիստների։

Երբեմն տաքարյուն եմ, երբեմն սառնասիրտ։ Ամեն ինչ կաված է իրավիճակից եւ տրամադրությունուց։ Ուկրաինացի աղջիկները կարող են ինձ հետ ծանոթանալ։ Ամեն ինչ իրենցից է կախված։

Տարբեր տարիքում ես երկրպագել եմ տարբեր թիմերի: Տարիքի հետ փոխվում են նախասիրությունները: Նախկինում ես սիրում է Մյունխենի «Բավարիան»: Հիմա էլ այն ինձ դուր է գալիս: Նույն պատմությունն է «Բարսելոնայի» հետ: Տարիքի հետ ճաշակդ փոխվում է: Չկա մի թիմ, որի միայն անունն արդեն հիացմունք առաջացնի:

Եթե անկեղծ, ապա տրանսֆերային լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Այժմ «Շախտյորի» խաղացող եմ։ Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես օգնեմ թիմին շարունակել հաղթարշավը։ Եթե առաջարկներ լինեն, ապա թող դիմեն ակումբին։ Թող ակումբը որոշի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում