14:27  ,  22 մարտի, 2013

Արտաշես Մինասյան. Արոնյանի ամենածանր պարտիան Կրամնիկի հետ էր

«Եթե Արոնյանը կարողանա գերազանցել ինքն իրեն եւ շարունակի նույն տեմպով, պայքարը շատ թեժ կլինի եւ մենք հույս կունենանք, որ կգրվանեք առաջին տեղը: Շատ դժվար կլինի, քանի որ Մագնուսը վերջին շրջանում ուղղակի մեծ թռիչք է կատարել՝ իր վարկանիշը 2800-ից բարձրացրել է 2878-ի, բայց հուսանք, որ Արոնյանին կհաջողվի հաղթել այս մրցաշարում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ վերջին չեմպիոն, այժմ մանկապատանեկան շախմատի ավագ մարզիչ Արտաշես Մինասյանը:

«Ընդհանուր առմամբ, Ռաջաբովը ընտրեց բավական պասիվ տարբերակ: Ինձ թվում է՝ նա ձգտում էր ոչ ոքիի: Համենայն դեպս, սկզբնախաղում այդպիսի տպավորություն ստեղծվեց: Եվ Արոնյանին հաջողվեց բավական հեշտ հավասարեցնել դիրքը, իսկ շախմատում, եթե սեւերով կարողանում ես հեշտ հավասարեցնել խաղը, հոգեբանորեն մեծ առավելություն ես ստանում: Հետագայում Արոնյանին հաջողվեց թեւթեւ մանեւվրներով մի քիչ առավելություն ստանալ: Արոնյանն ուներ նաեւ ժամանակի մեծ առավելություն, որը շատ կարեւոր է շախմատում: Հիմնականում, նաեւ դա էր պատճառը, որ Ռաջաբովը վերջում թույլ տվեց շախմատային լեզվով ասած` վրիպում եւ պարտվեց: Նա բավական երկար ժամանակ պաշտպանվում էր եւ ուներ նաեւ խնդիր ժամանակի հետ կապված: Շախմատում շատ դժվար է երկար ժամանակ պաշտպանվել: Դա տվեց իր արդյունքը, եւ Արոնյանը կամաց-կամաց կարողացավ հասնել հաղթանակի: Սա շատ կարեւոր հաղթանակ էր: Եվ արդեն ինչ-որ տեղ պարզ դարձավ երկու հիմնական հավակնորդների անունները, ովքեր կպայքարեն առաջին տեղի համար` Արոնյան եւ Կարլսեն:

Եթե Արոնյանը կարողանա գերազանցել ինքն իրեն եւ շարունակի նույն տեմպով, ապա պայքարը շատ թեժ կլինի եւ մենք հույս կունենանք, որ կգրվանեք առաջին տեղը: Շատ դժվար կլինի, քանի որ Մագնուսը վերջին շրջանում ուղղակի մեծ թռիչք է կատարել՝ իր վարկանիշը 2800-ից բարձրացրել է 2878-ի, բայց հուսանք, որ Արոնյանին կհաջողվի հաղթել այս մրցաշարում:

Արոնյանի ամենածանր պարտիան Կրամնիկի հետ էր: Այնտեղ նա ուներ վատ դիրք: Նրան շատ դժվարությամբ հաջողվեց պահպանել ոչ ոքին: Այս մրցաշարում ամենից կարեւոր բանը չպարտվել է: Պարտությունը կարող է հետագայում նաեւ հոգեբանորեն ազդել շախմատիստի վրա: Այդ պատճառով ամենակարեւոր պարտիան համարում եմ սա: Դե, հաղթանակիների մասին խոսք չկա»,- ամփոփեց Արտաշես Մինասյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո` Chess-news.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով