17:30  ,  1 մարտի, 2013

Սպորտի նախարար. Ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մականախաղը լավ մարզական արդյունքներ է գրանցում

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի «Այրուձի» ակումբի թիմին, որը փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:

Շնորհավորելով մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, նախարարը ուրախությամբ փաստել է, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները: Նախարարի խոսքերով մականախաղը, մյուս խաղային մարզաձեւերի նման, նպաստում է սպորտի մասսայականացմանն ուղղված նախարարության որդեգրած քաղաքականության իրագործմանը: «Կրկնակի ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մարզաձեւը նաեւ լավ մարզական արդյունքներ է գրանցում: Հաղթանակ եւ մարզական ձեռքբերումներ գրանցող թե մարզիկ, թե թիմ անպայման արժանանալու է մեր հատուկ ուշադրությանը եւ աջակցությանը»,-ասել է Հ. Ռոստոմյանը:

«Ձեր հաջող ելույթը եվրոպական մրցաշարում կոտրեց այն կարծրատիպը, թե հայ մարզիկներն ավելի հաջող են հանդես գալիս մենապայքարային մարզաձեւերում: Դուք ապացուցեցիք հակառակը եւ մեծ ուրախություն պարգեւեցիք մեր մարզասերներին»,- ասել է նախարարը:

Հանդիպման վերջում Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նախարարին, որպես հուշանվեր, հանձնեց թիմին տրված արծաթե մեդալներից մեկը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարին, որին մասնակցել են ութ երկրների ուժեղագույն թիմեր՝ Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից եւ Սերբիայից, հայ մականորդները զիջել են միայն աշխարհի նախկին չեմպիոն Լեհաստանի թիմին եւ արժանացել արծաթե մեդալների, հայտնում է Սպորտի նախարարության լրատվության բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում