21:36  ,  15 փետրվարի, 2013

Լիլիթ Մկրտչյանի երջանկության բանաձեւը

Գրոստմայստեր, շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանին ցանկալի հարսնացուներից է՝ գեղեցիկ արտաքին, գրագետ խոսք, խելացի ու ժպտերես։ Ո՞վ չէր ցանկանա այսպիսի հայուհու հետ կյանքը կապել։ Այսօր նա արդեն պատրաստվում է ամուսնության։

Թե ով է հայ շախմաստիտուհու ապագա ամուսինը եւ ինչպես է ստացվել, որ Լիլիթը բազմահազար երկրպագուներից ընտրել է նրան, գրոսմայստերը պատմեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Լիլիթ, դու Հայաստանում եւ համաշխարհային շախմատում ճանաչված գրոսմայստեր ես։ Բացի սպորտային հաջողություններից, հասարակության եւ մասնավորապես քո երկրպագուներին հետաքրքրում է քո անձնական կյանքը։ Ինչպե՞ս ես վերաբերվում դրան։

Նորմալ է, որ հետաքրքրվում են, դա նշանակում է՝ դու հետաքրքրում ես մարդկանց։ Բայց ես այդքան էլ չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու անձնականն իրենն է, անկախ նրանից նա հանրությանը հայտնի է, թե ոչ։ Ես, օրինակ, նախընտրում եմ՝ ավելի շատ քննարկվի իմ սպորտային հաջողությունները, շախմատային կյանքը, անհատական կյանքս այդքան էլ չեմ ուզում քննարկման առարկա դառնա։ Միայն կարող եմ ասել, որ իրոք փոփոխություններ իմ կյանքում այս տարի սպասվում են։

Մեր նախորդ զրույցներից մեկում խոստովանեցիր, որ արդեն ընտրյալ ունես։ Նա հանրությանը ծանո՞թ է, թե՞ ոչ։

Ոչ, նա հանրությանը ծանոթ չէ, շախմատի մարդ չէ։ Նա Հայաստանում չի բնակվում, հայ չէ։ Նա գերմանացի է, բնակվում է Գերմանիայում։

Իսկ չե՞ս վախենում հասարակության քննադատությունից՝ ապագա ամուսնուդ հայ չլինելու փաստի առթիվ։

Դե այդպես ստացվեց։ Եղավ այնպես, որ ես ինձ հարմար ապագա կողակից գտա գերմանացու։ Ես մեղավոր չեմ, որ զգացի՝ իր հետ ինձ լավ է։

Լիլիթ, ինչպես շատ այլ ոլորտներ, սպորտում եւս դժվար է համատեղել անձնական կյանքն ու կարիերան։ Քեզ մոտ ինչպե՞ս է դա ստացվում։

Ճիշտ է, դժվար է համատեղել անձնական կյանքը սպորտային կարիերայի հետ։ Երբ ամուսնանում ես, ու երբ մասնավորապես ծնվում են երեխաներ, արդեն անկախ ամեն ինչից սպորտը, սպորտային կարիերան մղվում է երկրորդ պլան։ Ես ունեմ ընկերուհիներ, որոնք ամուսնանալուց հետո, մասնավորապես, առաջին երկու տարիները շատ դժվարությամբ են համատեղել ընտանեկան կյանքն ու սպորտային կարիերան։ Այսպես ասած՝ չեն համատեղել։ Բայց ես գտնում եմ, որ պետք է փորձել համատեղել, որքան հնարավոր է։ Ես ինքս առայժմ համատեղում եմ, քանի որ ես դեռ իմ ընտանիքը չունեմ։ Հետագայում որքանով կհաջողվի, կփորձեմ։ Առայժմ սպորտային կյանքը չի տուժում։

Իսկ ինչպե՞ս ես պատկերացնում քո ամուսնական կյանքը։ Ի՞նչ կփոխվի քո կյանքում ամուսնությունից հետո։

Կարծում եմ՝ շատ բան։ Ինձ ամուսնական կյանքը պատկերացնում եմ խոհանում, տնային գործերով։ Օրինակ՝ հիմա, երբ ես տանն եմ լինում, տնային, խոհանոցային գործերով այդքան չեմ զբաղվում․ հիմնականում մայրս է տնօրինում բոլոր այդ գործերը։ Իսկ երբ արդեն իմ տունն ունենամ, այդ ամենով կսկսեմ զբաղվել միայն ես։ Արդեն ամեն ինչ կփոխվի, երբ ես ունենամ արդեն իմ տունը, իմ ընտանիքը։ Ըստ իս՝ ամուսնական կյանքի հետ ամեն ինչ է փոխվում։

Սիրահարվածությունը, սրտում ընտրյալին ունենալը շախմատի խաղատախտակի առջեւ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։

Անհատից է կախված։ Գուցե մեկին օգնում է, մյուսին՝ խանգարում։ Ինձ, օրինակ, շատ է օգնում։ Ո՛չ շեղում է իմ ուշադրությունը, ո՛չ ցրված դարձնում սիրահարված լինելը։ Ես մինչ օրս միայն զգացել եմ, որ ավելի ոգեշնչում է սրտում ընտրյալ ունենալու փաստը խաղատախտակի առջեւ։

Ինչպիսի՞ն է Լիլիթ Մկրտչյանի ընտրյալը՝ բնավորությամբ։ Ի՞նչ բնավորության գծեր պետք է ունենա տղամարդը, որ գրավի քո ուշադրությունը։

Հասկացող, վստահելի, աջակցող, բարի պետք է լինի տղամարդը, որ ես ուշադրություն դարձնեմ նրան։ Իմ ընտրյալը հենց այդպիսին է՝ հասկացող, օգնող, առջակցող, վստահելի, ամեն հարցում հուսալի ու անսահման բարի։ Ես ամեն հարցում կարողանում եմ նրա վրա հենվել, ու նա ամեն ինչ անում է ինձ օգնելու համար։ Կա մի այսպիսի արտահայտություն՝ պետք է կարողանաս «հենվել» տղամարդու վրա։ Դա գալիս է տղամարդուց, նա պետք է թույլ տա, որ դու հենվես իր վրա, չխնայի ոչինչ։

Իսկ ինչի՞ց ես հասկացել, որ հենց նա է քո կյանքի ուղեկիցը։

Երկար շփումից։ Մենք նախքան անձնական հարաբերություններ սկսելը, մտերիմ ընկերներ ենք եղել երկար տարիներ։ Երկար շփման արդյունքում, ես զգացի, որ նրա հետ ինձ լավ եմ զգում, վստահ, հանգիստ, իր կողքին իմ կյանքը հետաքրքիր կանցնի։ Մի օր հասկացա, որ այն հանգստությունը, որը պարուրում է ինձ նրա կողքին, կուզեմ, որ ամբողջ հետագա կյանքիս ընթացքում լինի։

Պատրա՞ստ ես ամուսնության։

Կարծում եմ՝ այո։ Եվ հետո՝ արդեն տարիքս է պահանջում, որ ամուսնանամ։

Ամունսական հարաբերություններում, ըստ քեզ, կինն ամուսնու համար պետք է լինի ընկեր, քույր, մայր, թե՞ ուղղակի կին։

Միանշանակ բոլորը միասին։ Չի լինի այնպես, որ միայն սիրող կին լինես, պետք է նաեւ ընկեր լինես ամուսնուդ համար, որպեսզի կարողանաս ժամանակ առ ժամանակ հասկանալ նրան, դժվարություն հաղթահարել։

Ինչպիսի՞ կին կլինես քո ամուսնու համար՝ առավոտյան սուրճ անկողնո՞ւմ, թե՞  կսպասես նրա հյուրասիրելուն։

Կյանքը ցույց կտա, տեսնենք՝ ինչպես կստացվի։

Քո երջանկութայն բանաձեւը:

Մարդ երջանիկ է, երբ ապրում է խաղաղության մեջ, առողջ է եւ հաջողակ։ Սրանք իմ կյանքի կարեւորագույն նախապայմաններն են երջանիկ ապրելու համար։

Եթե մի օր շախմատը խանգարի քո երջանիկ ներդաշնակ ընտանեկան կյանքին, ո՞րը կընտրես։

Կարծում եմ՝ այդ հարցի առջեւ չեմ կանգնի, քանի որ ես որպես կին, մեծ կարեւորություն եւ նշանակություն եմ տալիս ընտանիքին։ Սպորտը գուցե շատերի համար ավելի ներդաշնակ դարձնի ընտանիքը, բայց ամեն ինչ գալիս է տան երկու սյուներից՝ տղամարդուց եւ կնոջից։ Եթե ընտրության առջեւ կանգնեմ, կարծում եմ, կընտրեմ ընտանիքը։ Բայց նաեւ նշեմ, որ միայն ընտանեկան կյանքով ապրել չեմ կարող։ Եթե նույնիսկ շախմատիստուհու իմ կարիերան ավարտեմ ամուսնությունից հետո, կամ զգամ, որ այն խանգարում է իմ ներդաշնակ, ընտանեկան կյանքին, ես կզբաղվեմ այլ աշխատանքով՝ գուցե մարզչական, կամ, ինչու չէ, ժուռնալիստակայով։ Բայց առանց աշխատանքի կամ որեւէ զբաղմունքի տանը նստող կանանցից չեմ կարող լինել եւ չեմ լինի։ Այդպես չեմ կարող։

Արդեն ծրագրվա՞ծ է ձեր ամուսնությունը կամ նշանադրությունը։

Դեռ ոչ։ Դեռ որեւէ կոնկրետ որոշում չենք կայացրել՝ ինչպես, երբ եւ որտեղ կօրինականցնենք մեր հարաբերությունները, ամուսնությունը կամ նշանադրությունը։ Բայց կարծում եմ՝ այս տարի որեւէ փոփոխություն կսպասվի։

Լիլիթ, իսկ որտե՞ղ ես ապրելու ամուսնությունից հետո՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Գերմանիայում։

Եվ այստեղ, եւ այնտեղ։ Չեմ կարծում, թե կհաստատվեմ Գերմանիայում։ Ես Հայաստանից մեծ դժվարությամբ եմ բաժանվում, ինչ առիթով էլ լինի։

Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար: NEWS.am Sport-ը մաղթում է քեզ անձնական երջանկություն ապագա ամուսնական կյանքում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով