Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները ներկայացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին իրենց թեկնածուին: Այս մասին հայտարարություն է տարածել «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը:
«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է:
Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։
Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։
Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։
Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։
Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ:
Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։
Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։
Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։
Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
Ֆուտբոլային մարդ։ Ֆուտբոլային թիմ»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

15:34 , 6 նոյեմբերի
15:07 , 6 նոյեմբերի
15:02 , 6 նոյեմբերի 
14:15 , 6 նոյեմբերի
13:35 , 6 նոյեմբերի
13:07 , 6 նոյեմբերի 
12:36 , 6 նոյեմբերի
12:04 , 6 նոյեմբերի
11:31 , 6 նոյեմբերի
11:02 , 6 նոյեմբերի