22:57  ,  4 օգոստոսի, 2026

Մանուել Տուլիպա. Ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել, եւ ես ամեն ինչ անում եմ, որ այս երկիրը շարունակի երազել

Ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել. ամեն ինչ անում եմ, որ այս երկիրը շարունակի երազել: «Ցելիեն» ամենաբարդ մրցակիցն էր, որին երբեւէ հանդիպել էինք: Հստակ կարող եմ աել, որ պատասխան խաղը մեզ համար շատ բարդ է լինելու: Չափազանց մեծ նշանակություն ունի պատասխան հանդիպումը: «Արարատ-Արմենիան» պատրաստվում է բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան, որը մեկնաբանել է սլովենական «Ցելիեի» նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեւանյան թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոն «Ցելիեի» նկատմամբ:

«Չեմ ցանկանում առանձնացնել որեւէ դրվագ այսօրվա խաղում: «Ցելիեն» ամենաբարդ մրցակիցն էր, որ երբեւէ հանդիպել էինք: Հստակ կարող եմ աել, որ պատասխան խաղում մեզ համար շատ բարդ է լինելու:

Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստներին, որոնք քրտնաջան աշխատեցին: Դժվար է այս հաճախակիությամբ այսպիսի խաղեր անցկացնել: Երեք օր առաջ խաղում էինք արհեստական խոտածածկում, եւ իմ ֆուտբոլիստներից շատերը 90 րոպե խաղաժամանակ անցկացրին արհեստական խոտածածկի վրա: Շնորհակալ եմ նաեւ մարզչական շտաբին: Իսկապես, «Ցելիեն» շատ բարդ մրցակից էր, որը հրաշալի է խաղում գնդակով:

Մեկնարկում լավ մտանք խաղի մեջ: Առաջին կեսում մի քանի դրվագում շատ լավն էինք, հատկապես, երբ գնդակին երկար էինք տիրապետում կամ ուղարկում Արթուր Սերոբյանի կողմը: Առաջին կեսում եղավ մի դրվագ, որը փոխեց ամեն բան՝ 11 մետրանոց հարվածը, որը շատ կասկածելի էր ինձ համար: Ֆուտբոլիստների միջեւ հեռավորությունը շատ քիչ էր, այդ պատճառով կասկածելի 11 մետրանոց էր: Այս դրվագը փոխեց առաջին խաղակեսը:

Բարդ է լինելու Սլովենիայում: Դժվար է ասել՝ կկարողանա՞նք ավելի լավ խաղալ, քան այսօր:

Այսօր ես ունեի որոշակի կադրային խնդիրներ՝ Կամո Հովհաննիսյանը վնասվածք ուներ, Ուգոն կարող էր խաղալ, բայց ուրախ եմ, որ կարողանում եմ վստահել հայտացուցակում ընդգրկված իմ բոլոր ֆուտբոլիստներին:

Մի բան հստակ է՝ մենք մեծ հավակնություններ ունենք եւ պատիվ ունենք ներկայացնել այս փոքր երկիրը: Հայկական ակումբային ֆուտբոլի հասցեին քննադատությունները շատ են, բայց ունենք որակյալ ֆուտբոլ, որակյալ ֆուտբոլիստներ:

Շատ լավ ենք պատրաստվելու պատասխան հանդիպմանը: Չափազանց նշանակություն ունի այս հանդիպումը մեզ համար: «Արարատ-Արմենիան» պատրաստվում է բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը:

Այսօր ինձ շատ տպավորեց թիմային աշխատանքը, որի շնորհիվ հաղթեցինք: Խաղի ոչ մի վայրկյան թիմը ձեռքերը թափ չտվեց, չհանձնվեց: Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմը  տառապեց հաղթելու համար:

Ինձ շատ է դուր գալիս եւ շատ եմ սիրում, երբ «Արարատ-Արմենիան» խաղում է «Հանրապետականում» այսքան շատ երկրպագուների ներկայությամբ:  Նրանց շնորհիվ ունենք աննախադեպ վիճակագրություն՝ երեք խաղ, երեք հաղթանակ որակավորման փուլերում: Ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել, եւ ես ամեն ինչ անում եմ, որ այս երկիրը շարունակի երազել:

Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- ասաց Մանուել Տուլիպան:

Պատասխան հանդիպումը Սլովենիայում տեղի կունենա օգոստոսի 11-ին։

Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news