01:40  ,  22 դեկտեմբերի, 2012

«Յուվենտուսը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում

Իտալական A Սերիայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» 3:1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ:

Կալյարիում կայացած հանդիպման 16-րդ րոպեին չիլիացի հարձակվող Մաուրիսիո Պինիլիան 11 մետրանոց հարվածով առաջ մղեց դաշտի տերերին, սակայն թուրինցիները կարողացան կամային հաղթանակ տանել: 65-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ «Կալյարիի» իտալացի պաշտպան Դավիդե Աստորին, իսկ 10 րոպե անց Իտալիայի հավաքականի թեկնածու Ալեսանդրո Մատրին խփեց «Յուվենտուսի» պատասխան գնդակը: Խաղի ավելացված ժամանակում Մատրին դարձավ նաեւ դուբլի հեղինակ, իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ Չեռնոգորիայի լավագույն ֆուտբոլիստ Միրկո Վուչինիչը խփեց «Յուվենտուսի» երրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Յուվենտուսը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Անտոնիո Կոնտեի թիմն ունի 44 միավոր եւ 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ինտերին»: «Կալյարին» զբաղեցնում է 17-րդ տեղը՝ 16 միավոր:

Իտալիայի առաջնություն. 18-րդ տուր

«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 1:3

Մաուրիսիո Պինիլիա, 16 (11մ.) – Ալեսանդրո Մատրի, 75, 90+1, Միրկո Վուչինիչ, 90+4

Հեռացում՝ Դավիդե Աստորի, 65 («Կալյարի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով