Իմ ցանկությունն է, որ 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության կարգ ձեռք բերած եղբայրներն իրենց ավելի ներգրավված զգան, ապրելու, մարզվելու, մոտիվացված լինելու եւս մեկ պատճառ ունենան: Զինհաշմանդամներ շատ ունենք: Այս առումով սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությունը մեծ կարեւորություն ունի բոլորիս համար: Առաջնությունն առավել հետաքրքիր է նրանով, որ հաշմանդամության կարգ ունեցող մարզիկները պայքարում են նաեւ հաշմանդամություն չունեցող մարզիկների հետ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը:
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանի Orange Fitness ակումբում անցկացվեց սեղմում հենարանից վարժության 2025 թ. Հայաստանի բաց առաջնությունը: Այս անգամ էլ առաջնությունը երկու փուլով էր՝ հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների սեղմում հենարանից վարժության եւ ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն: Արդեն երկրորդ տարին ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում են նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկներ: Մեծ մասնակցություն ունեն զինհաշմանդամները, որոնց հետ պայքարն ավելի մեծ ոգեւորություն էր առաջացնում մրցաշարի մասնակիցների շրջանում: Զինհաշմանդամներն առանձնահատուկ վերաբերմունքի արժանացան Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից: Բոլոր մասնակիցներն, անկախ արդյունքներից, դրամական պարգեւներ ստացան առաջնությանը մասնակցելու համար:
«2017-ից անցկացնում ենք համատեղ առաջնություն: Երբ նմանօրինակ մրցաշարերը շարունակական բնույթ են կրում, արդյունքները տեսանելի են լինում: Ինձ համար արդյունքը մասնակիցների քանակն է, մոտիվացված լինելը, արդյունքների բարելավումը: Այս առաջնությունն առավել հետաքրքիր է նրանով, որ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ ենք անցկացնում եւ այսօր արդեն ունենք հաշմանդամության կարգ ունեցող մարզիկներ, որոնք պայքարում են նաեւ ոչ հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ: Տարեց տարի մարդկանց ոգեւորությունը տեսնելը, արդյունքների աճը համարում ենք մրցաշարն անցկացնելու մեծ ձեռքբերում: Մասնակիցների աճ ունենք: Այս տարի նաեւ մի քանի նոր մարզիկների տեսա, ինչն ուրախացնող է: Երբ սպորտի հանդեպ կա այսպիսի վերաբերմունք, շատ հաճելի է:
Երբ առաջին անգամ էինք անցկացնում առաջնությունը, հաշմանդամություն ունեցող մարզիկները ներգրաված չէին: Հետո ֆեդերացիան միացավ մեզ եւ ավելի պարտավորեցնող դարձավ առաջնությունների համատեղ անցկացումը: Պատասխանատվությունը կրկնապատկվեց 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ ունեցանք շատ հաշմանդամության կարգ ձեռք բերած տղաներ: Այս առումով ավելի պարտավորեցնող դարձավ մրցաշարը, քանի որ իմ ցանկությունն էր, որ մեր եղբայրներն իրենց ավելի ներգրաված զգան, ապրելու, մարզվելու, մոտիվացված լինելու եւս մեկ պատճառ ունենան: Շատ ունենք զինհաշմանդամներ եւ այս առումով առաջնությունը մեծ կարեւորություն ունի բոլորիս համար»,- ասաց Լեւոն Քոչարյանը:
Սեղմում հենարանից վարժության 2025 թ. Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում է շուրջ 110 մարզիկ, որից 59-ը հաշմանդամություն ունեցող մարզիկներն են: Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ, մարզիկների եւ հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը մրցաշարին ավելացել է, ինչը խոսում է մարզաձեւի մասսայականության զարգացման մասին:
«Առաջնությունն անցկացնում ենք Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ եւ այն համարում ենք մեկ մրցաշար: Այս առաջնությունը միտված է սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը: Մեծ նշանակություն ենք տալիս հաշմանդամային սպորտին, որպես առանձին ճյուղ, որովհետեւ այս մարզիկներն իրենց մասնակցությամբ լրիվ այլ էներգիա են հաղորդում պայքարին: Բաց առաջնությունում սովոր ենք պայքարին, բայց այստեղ տեսնում ենք մարդկանց, որոնք նաեւ հաղթահարել են իրենց խնդիրները, սահմանափակումները, այդ ամենն անցել, հասել այն մակարդակին, որտեղ բաց առաջնության մարզիկներն մասնակցում եւ կարողանում նրանց հետ պայքարել: Շատ հետաքրքիր մասնակցություն ունեցանք այս տարի, մի քանի մարզիկներ ունենք հաշմանդամային սպորտից, այդ թվում՝ աղջիկներ, որոնք պայքարում էին նաեւ բաց առաջնությունում՝ ունենալով հաշմանդամություն: Մեր լավագույն արդյունքն այս պայքարում ցույց տվեց Արեւիկ Մելքոնյանը, որը ներկայացնում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Նա իր քաշային կարգում Հայաստանի ռեկորդ սահմանեց:
Բաց առաջնության արդյունքներով կձեւավորենք հավաքականի նոր կազմ եւ լավագույն արդյունքներ ունեցողներին հնարավորություն կտանք մասնակցել միջազգային մրցաշարերին: Արդեն ունենք լավ արդյունքներ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Մասնակցել ենք աշխարհի բաց առաջնությանը: Կանանց պայքարում Կարինա Սիմոնյանցը -47 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, տղամարդկանց պայքարում Արմեն Հարությունյանը մինչեւ 18 տարեկանների պայքարում արծաթե մեդալակիր է: Մասնակցել ենք նաեւ Եվրոպայի առաջնությանը, 5 մասնակցով նվաճել ենք 4 մեդալ՝ 2 արծաթ եւ 2 բրոնզ: Հաշվի առնելով մեր փոքր թիմը, համարում ենք լավ արդյունք: Նշեմ, որ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան համարվում է Միջազգային ֆեդերացիայի (International Powerlifting Federation) անդամ: Այն մրցաշարերը, որոնց մասնակցում ենք, համարվում են աշխարհում ամենահեղինակավորները մեր մարզաձեւում: Ուժային եռամարտն օլիմպիական մարզաձեւ չի, բայց գտնվում է ՄՕԿ-ի վերահսկողության տան»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:
Եթե ուժային եռամարտն օլիմպիական մարզաձեւ չի եւ հայ մարզիկները հնարավորություն չունեն պայքարել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ապա հաշմանդամային սպորտի սեղմում հենարանից մրցաձեւը Պարալիմպիկ խաղերի ծրագրում է, եւ հայ մարզիկներն արդեն սկսել են պայքարը Լոս Անջելես-2028 Պարալիմպիկ խաղերի ուղեգրերի համար: Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի փոխանցմամբ, արդեն կա մեկ մարզիկ, որը շատ մոտ է պարալիմպիկ ուղեգիր նվաճելուն:
«2018 թ.-ից մինչեւ այսօր Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում ենք սեղմում հենարանից վարժության ներքին առաջնությունը, խրախուսում ենք, սպորտ ենք զարգացնում, պատիվ բերում մեր երկրին: Մարզիկների մեծ մասը պատերազմի մասնակիցներ են:
Ամեն տարի մասնակիցների թիվը համալրվում է, ինչը նշանակում է՝ ճանաչում է ունենում մեր մարզաձեւը, լսում են մեր մասին, մարզվողների թիվն է ավելանում: Այս տարի հաշմանդամություն ունեցող մարզիկների շուրջ 60 մասնակից ունենք: Բավականին թեժ պայքար է գնում: Արդյունքները գոհացնող են: Հայաստանի բոլոր շրջաններից ունենք մասնակիցների, նրանց թվում նաեւ արցախցիներ: 21 մասնակից պատերազմի հետեւանքով համշված տղաներ են, որոնք չենք կոտրվել, մարզվում են, բարձր արդյունքներ ցույց տալիս:
Այս արդյունքներով կձեւավորվի հավաքական թիմ, որը կպատրաստվի 2026թ. մարտին Թբիլիսում անցկացվելիք պարածանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը: Աղջիկների պայքարն ավելի թեժ ստացվեց: Մեր ծանրորդներից Արեւիկ Մելքոնյանը լավագույն արդյունքը ցույց տվեց այստեղ իր քաշային կարգում: Մեր պարածանրորդները նաեւ փայլուն մրցաշարջան եբ անցկացրել: Կահիրեում տեղի ունեցած պարածանրամարտի աշխարհի առաջնությունում 3 մեդալ ենք նվաճել: Երկու ոսկե մեդալ է նվաճել Անյուտա Պետրոսյանը՝ ընդհանուր արդյունքով եւ լավագույն բարձրացրած քաշով: Տղաների պայքարում Դավիթ Հունայնանը աշխարհի փոխչեմպիոն է դարձել: Ինչ վերաբերում է Արեւիկ Մելքոնյանին, նա շատ լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում, բայց մեդալակիր չդարձավ: Արեւիկը շատ մոտ է Լոս-Անջելես-2028 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելուն: Նրան 10 կգ է պակասում ուղեգիր նվաճելու համար: Հուսամ՝ 2026 թ. նա կավելացնի իր կիլոգրամները եւ կնվաճի ուղեգիրը»,- նշեց Սարգիս Ստեփանյանը:
Ուժային եռամարտի տղամարդկանց Հայաստանի չեմպիոններն են՝ Սերժ Սարգսյան (-59 կգ), Իվան Հայրապետյան (-66 կգ), Ռոման Գեւորգյան (-74 կգ), Դավիթ Պետրոսյան (-83 կգ), Արտյոմ Սոլոյան (-93 կգ), Կարեն Բարսեղյան (-105 կգ), Արմեն Ղուլյան (-120 կգ), Հովհաննես Միքայելյան (+120 կգ):
Բացարձակ քաշային կարգերում հաղթող է դարձել Կարեն Բեգլարյանը 213.5 կգ արդյունքով:
Կանանց պայքարում հաղթողներ են դարձել Աննա Սահակյանը (-47կգ), Մարիա Գրիգորյանը (-52կգ), Գոհար Տերտերյանը (-57կգ), Մարինա Սարգսյանը (-63կգ), Արեւ Մելքոնյանը (-69կգ), Քրիստինե Հարությունյանը (-76 կգ) եւ Նաիրա Մեսրոպյանը (+84կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արեւիկ Մելքոնյանը 102 կգ արդյունքով:
Հաշմանդամային սպորտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններն են․
Տղամարդկանց պայքարում Վալտեր Հարությունյանը (-54 կգ), Դավիթ Հունանյան (-59կգ), Գուրգեն Անտոնյան (-65կգ ), Շահեն Բաբայան (-72կգ), Հովհաննես Ավանեսյան (-80կգ), Սերոբ Հովհաննիսյան (-88կգ), Ռաֆայել Ազիզյան (-97կգ ), Սամվել Սարյան (-107կգ), Ռոմիկ Պողոսյան (+107կգ ):
Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռոմիկ Պողոսյանը 165 կգ արդյունքով։
Կանանց առաջնությունում հաղթողներ են Անյուտա Պետրոսյանը (-55կգ), Աեւիկ Մելքոնյան (-67կգ), Նաիրա Մեսրոպյան (+86կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արև Մելքոնյանը 105 կգ արդյունքով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:24 , 5 սեպտեմբերի
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի
00:53 , 5 սեպտեմբերի
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի
22:52 , 4 սեպտեմբերի 
21:58 , 4 սեպտեմբերի