21:43  ,  26 հոկտեմբերի, 2025

Հակոբ Սերոբյան․ Արթուր Դավթյանը եզրափակիչում արեց իր առավելագույնը

Արթուր Դավթյանը եզրափակիչում իդեալական ցատկեր կատարեց, արեց իր առավելագույնը: Հպարտ եմ նրանով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջակարտայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը տիտղոսը նվաճած ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին զիջեց 0,33 միավորով:

«Արթուր Դավթյանը եզրափակիչում արեց իր առավելագույնը, իր լավագույնը ցատկերն արեց: Ֆիլիպինցու վարժությունը 4 տասնորդական բարդ էր, նա նույնպես շատ լավ ցատկեց առանց քայլ անելու: Արթուրի ցատկն ավելի մաքուր էր, բարդության հաշվին միայն զիջեցինք եւ վաստակեցինք 14.833 միավոր. 0.33 միավոր չհերիքեց:

Մեկ բառով, որ գնահատեմ Արթուրի մրցելույթը, կրեց: Սպասում էի նրանից լավ մասնակցություն, փորձառու է, պրոֆեսիոնալ է, բայց  նա այս անգամ էլ իմ սպասելիքներից ավելին արեց, իդեալան կատարում եղավ:

Ֆիլիպինցի Յուլոյին հաղթելու համար պետք է բարդացնել Արթուրի վարժությունը, բայց չենք անի: Կառլոս Յուլոն ավելի երիտասարդ է, Արթուրը 33 տարեկան է: Ծնկի վնասվածք ունի, խնդիրներ կան: Արթուրը հաղթահարում է, անում է մաքսիմալը, ես ուղղակի հպարտ եմ նրանով: Հպարտ եմ, որ ունեմ Արթուր Դավթյանի պես տղա: Ինձ համար կարեւորը նրա առողջությունն է, ոչինչ, թող չբարդացնենք: Մենք կշարունակենք պայքարել մեր մաքրության հաշվին, ռիսկի չենք գնա: Թույլ չեմ տա, որ բարդացնենք ու հանկարծ վնասվածք լինի: Եթե մինչեւ Օլիմպիական խաղերը Արթուրը նույն ցատկերն այս մաքրությամբ եւ նույնքան կատարյալ անի, շատ լավ կլինի:

Նախորդ զրույցում ասացի, որ Արթուր Դավթյանն ինձ զարմացրել էր Եվրոպայի առաջնությունում իր իդեալական ցատկերով: Ասեմ՝ այստեղ Եվրոպայի առաջնությունից լավ ցատկեր արեց: Գիտե՞ք՝ ինչով եմ հպարտ, որ երբ Արթուրը վերջինն է մասնակցում, նյարդերը նրան չեն խանգարում: Նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկները տեսնելով իրենցից առաջ մասնակցողների բարձր գնահատականները, վախենում են: Արթուրն այն տեսակն է, որ տեսնում է բարձր գնահատականները եւ «վրա տալիս», գնում չեմպիոնության: Այդպես եղավ նաեւ Ջակարտայում: Նա փորձեց ամենաիդեալական ցատկերը կատարել: Այնպես, որ կրկնվեմ՝ հպարտ եմ նրանով: 

Աշխարհի առաջնության արդյունքներից շատ գոհ եմ: Ունեցանք երկու աշխարհի փոխչեմպիոն, 4-րդ տեղ: Ճիշտ է՝ 5 մասնակցով էինք, մեկը պահեստայինում էր, Վահագն Դավթյանն արդեն մեծ է, չի կարող, բայց, ընդհանուր առմամբ, մեդալ ակնկալում էի երեքից՝ Արթուր Դավթյանից, Համլետ Մանուկյանից, Մամիկոն Խաչատրյանից: Իրենք արժանի էին, իրենք գիտեին:

Օղակներից մեդալ չէի սպասում: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը կարող էին եզրափակիչ դուրս գալ, բայց իրատես լինենք՝ մեդալ չէի սպասում:

Ընդհանուր թիմում մեդալներ պետք է լինեին, նույնիսկ մեկ մեդալի դեպքում լավ արդյունք կհամարեինք: Երկու արծաթե մեդալը շատ լավ է, շատ ուրախ ենք: Գոհ եմ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց երկու արծաթե մեդալով: Աշխարհի փոխչեմպիոններ դարձան Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում եւ Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգ թափերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news