15:33  ,  10 օգոստոսի, 2025

Արթուր Սողոմոնյան. Սա թակարդ է Եղիշե Մելիքյանի համար (տեսանյութ)

Կարծում եմ, որ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակումը թակարդ է Եղիշե Մելիքյանի համար, եւ նա սխալ արեց, որ ընկավ այդ թակարդը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, որը մեկնաբանել Երեւանի «Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակում ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Արթուր Սողոմոնյանի կարծիքով, Եղիշե Մելիքյանի նշանակումը նպատակային է, որպեսզի հետագայում բոլոր խոշոր հաշիվներով պարտությունները բարդվի նրա ուսերին:

«Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից մեկ ամիս առաջ հավաքականն ընդունելը Եղիշե Մելիքյանի կողմից մեծ սխալ էր: Նրա նշանակումը մտադրված է, քանի որ ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է պատասխանատվությունն իրենց վրայից հանեն: Ըստ վերջին խաղերի, նրանք հասկանում են, որ հավաքականն այսօր այդքան էլ ուժեղ չի եւ որպեսզի խուսափեն հետագա պարտությունների պատասխանատվությունից, Եղիշե Մելիքյանին առաջարկեցին: Նա վաղուց էր երազում գալ հավաքական: Կարծում եմ, որ նա կարող է օգուտ բերել հավաքականին, բայց ոչ այսօր այս իրավիճակում:

Վարազդատ Հարոյանը հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, գիտեմ, որ եւս մեկ խաղացող է ցանկանում հեռանալ, բայց ֆեդերացիան այժմ համոզում է նրան, որ այդ քայլին չդիմի:

Ես 2-3 րոպեում կարող եմ ապացուցել, որ ֆեդերացիայի նախագահը, ղեկավարությունը ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով, օրինակ Ջենիֆեր Լոպեսի համերգ անցկացնելը «Հանրապետականում», այն «ստավկաները», որ կան հայկական ֆուտբոլում: Այս ամենը գիտակցելով, պայքաարը պետք է շարունակել: Իմ հույսը երկրպագուներն են, որոնք շարունակում են պահանջել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

Թե ինչու Եղիշե Մելիքյանը փոխեց իր դիրքորոշումը ֆեդերացիայի ղեկավարության նկատմամբ, արդար կլինեմ՝ հիասթափված եմ այդ քայլից: Մենք այժմ այդքան հաճախակի չենք շփվում, ինչպես նախկինում: Ինձ հետ չի քննարկել այդ հարցը: Նախկինում հաճախակի էինք շփվում եւ որոշ հարցերում համակարծիք էինք, բայց նրա այսօրվա քայլերը չեմ հասկանում:

Եթե խոշոր հաշիվներով պարտվենք Պորտուգալիային, Հունգարիային, բոլորը կմեղադրեն Եղիշե Մելիքյանին: Նպատակը դա է: Նախկինում խոշոր հաշվով պարտություններից հետո պահանջում էին Մելիքբեկյանի հրաժարականը: Որեւէ մեկի համար գաղտնիք չի, որ Մելիքբեկյանի, Նիկողոսյանի գլխավոր խնդիրը պաշտոնն է, ուրիշ ոչինչ նրանց չի հետաքրքրում: Հերթական խոշոր հաշիվներով պարտությունները նրանք «մարսեցին» եւ մնացին իրենց պաշտոններին: Եթե հաջորդաբար շարունակվեն այդ պարտությունները, նրանց հրաժարականն ավելի լուրջ կպահանջեն: Հիմա պատասխանատվությունն ընկավ Եղիշե Մելիքյանի վրա: Պարտություններից հետո կասեն՝ «դուք ուզում էիք մարզիչն փոխեինք, Եղիշե Մելիքյանին նշանակեինք, նշանակել ենք, գնացեք նրանից պատասխան պահանջեք»: Իհարկե, չէի ուզենա այս սցենարն իրականանար, բայց, տեսնելով հավաքականի ներկայիս վիճակը եւ այն, որ չեն խաղում լավագույն ֆուտբոլիստներն, ինչպես օրինակ, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պարտություններն անխուսափելի են:

Եղիշե Մելիքյանը լիդեր է եւ կարող է հաջողության հասնել այն դեպքում, երբ նրա շուրջ առողջ մթնոլորտ է: Նա կարող է օգուտ բերել հավաքականին, բայց ոչ այսօր: Նա հրաշալի մասնագետ է, բայց կարծում եմ, որ սա թակարդ է Եղիշե Մելիքյանի համար, եւ նա սխալ արեց, որ ընկավ այդ թակարդը»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին: Սեպտեմբերի 6-ին եվրոպական գոտու F խմբում ազգային ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքանականին, սեպտեմբերի 9-ին երկրորդ տնային հանդիպումը կանցկացնի Իռլանդիայի ընտրանու հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news