13:46  ,  6 օգոստոսի, 2025

Պաշտոնական. Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն վան’ տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար», - նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում:

Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։

«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։

Ջոն վան’տ Սխիպը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2025 թ. փետրվարի 17-ին: Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկարցել է 4 հանդիպում՝ երկու պաշտոնական եւ երկու ընկերական: Բոլոր խաղերում Հայաստանի ընտրանին պարտվել է: 
Սխիպի գլխավորությամբ Հավաքականի առաջին խաղը եղել է 2025թ. մարտի 20-ին Երեւանում Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստանի հետ առաջին խաղում (0:3): 3 օր անց Թբիլիսիում անցկացված պատասխան խաղում Սխիպի գլխավորած թիմը խոշոր հաշվով երկրորդ պարտությունն է կրել վրացիներից (1:6): 

Վրաստանում հոլանդացի մասնագետը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ թիմի ավագ Վարազդատ Հարոյանը համատեղ հայտարարություն արեցին եւ խոստացան աշնանը՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլին վերադառնալ ավելի ուժեղ: 

Հունիսին ազգային ընտրանին Սխիպի գլխավորությամբ եւս երկու ընկերական խաղ անցրացրեց Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ: Կոսովոյում ազգային ընտրանին պարտվեց 2:5 հաշվով, Չեռնոգորիայում՝ ոչ ոքի (2:2): 

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին: 

Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու F խմբում սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքանականին, սեպտեմբերի 9-ին երկրորդ տնային հանդիպումը կանցկացնի Իռլանդիայի ընտրանու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում