Հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի Մ23 առաջնությունից եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին խոսելը բարդ է: Ակնկալիքներով ենք գնում, հուսամ՝ լավ արդյունքներ կունենանք, գոնե մեկ մեդալ կնվաճենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանը:
Հունիսի 19-22-ը Երեւանի հեծանվահրապարակում անցկացվեց հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը, որից հետո հավաքական թիմը գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանի ղեկավարությամբ մեկնեց Ծաղկաձոր ուսումնամարզական հավաքի: Թիմն այս օրերին պատրաստվում է հուլիսի 15-19-ը Պորտուգալիայում անցկացվելիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:
«Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող էին: Ունենք առաջընթաց նախորդ տարիների համեմատ: Առաջնության արդյունքներով, մեր ունեցած ռեսուրսներով ունենք միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Այդ արդյունքը լրացրել է Արթուր Վալերջյանը, բայց չենք կարող գրանցել, քանի որ Հայաստանի առաջնությունն էր: Այդ արդյունքը բավականին լավ էր: Ունենք սպորտի վարպետի թեկնածուներ. քիչ էր մնում, որ լրացնեինք: Գոհ եմ արդյունքներից: Նույն մարզիկների մոտ նախորդ տարիների համեմատ առաջընթացը նկատվում է:
Հունիսի 25-ից հավաք եք անցնում Ծաղկաձորում, որին մասնակցում է 6 հեծանվորդ: Նախապատրաստվում ենք երիտասարդների եւ Մ23 Եվրոպայի առաջնությանը, որոնք անցկացվելու են նույն մրցավայրում նույն օրերին: Երկու հեծանվորդ՝ մեր առաջատարներ Արթուր Վալերջյանը եւ Վահե Վիրաբյանը կմասնակցեն Մ23 Եվրոպայի առաջնությանը: Երկու մասնակից կունենանք երիտասարդների առաջնությունում, պատանիներից մեկ աղջիկ եւ մեկ տղա պատրաստվում են Եվրոպայի օլիմպիական մանկապատանեկան փառատոնին: Ծաղկաձորի հավաքում օգտագործում ենք բարձրադիր գոտին, ինտենսիվ մարզումներն անում են հեծանվահրապարակում:
Եվրոպայի առաջնությունների սպասելիքների մասին խոսելը բարդ է: Ակնկալիքներով ենք գնում, հուսամ՝ լավ արդյունքներ կունենանք, գոնե մեկ մեդալ կնվաճենք:
Թիմը Պորտուգալիա կմեկնի հուլիսի 12-ին, Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ու Մ23 առաջնությունը կմեկնարկեն հուլիսի 15-ին»,- ասաց Դավիթ Մկրտչյանը:
Հայաստանի առաջնության հաղթողների մեծ մասը ներկայացնում են Երեւանի հեծանվային սպորտի մանկապատանեկան մարզադպրոցը: Ըստ մարզադպրոցի տնօրեն Սամվել Վարդազարյանի, չնայած չեմպիոններն ամեն տարի գրեթե նույն մարզիկներն են, բայց նրանց անձնական արդյունքներում կա դրական տեղաշարժ:
«Հայաստանի առաջնությունն անցկացրեցինք միանգամից բոլոր տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ: Մոտ 70 մասնակից ունեինք խճուղի մրցաձեւում, 60 մասնակից՝ հեծանվահրապակում: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի մեր մարզադպրոցի ներկայացուցիչները, մասնակիցներ ունեինք նաեւ մեր մարզադպորցի Վանաձորի եւ Մասիսի մասնաճյուղերից:
Արդյունքներն իսկապես գոհացնող են: Արթուր Վալերջյանը Հայաստանի առաջնությունում ցույց տվեց միջազգային կարգի սպորտի վարպետի արդյունք: Քանի որ չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներ, չկարողացանք նրան հռչակել միջազգային սպորտի վարպետ: Նորմատիվը լրացրեց, բայց սարքավորումները չունենք, որ գրանցենք: Մեծ գումարների մասին է խոսքը, որպեսզի ձեռք բերենք այդ սարքավորումները: Երեւի շատ ժամանակ է հարկավոր, որ կարողանանք այդ խնդիրը լուծել: Նախկինում էլ չենք ունեցել այդ սարքավորումները: Օրինակ՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը, մեր նախկին առաջատար հեծանվորդը այդ արդյունքը ցույց է տվել դրսում՝ միջազգային մրցաշարում, որտեղ էլ հաստատվել է:
Ընդհանուր առմամբ գոհ ենք այս առաջնության արդյունքներից, բայց դրանք դեռ քիչ են միջազգային եւ խոշոր մրցաշարերում մեդալային պայքարի համար: Միջազգային մրցաշարերում լավ արդյունքներ ենք գրանցում խմբային ձեւերում: Անհատական ձեւերում մեզ դեռ չի հաջողվում բարձր արդյունքներ ունենալ: Խմբային ձեւերից խմբային վազք դուրս մնալով ձեւում մեր ամենալավ արդյունքը ունեցել ենք 2023 թ., երբ Արթուր Վալերջյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը: Նա Հայաստանում առաջինն էր, որ այդ մրցաձեւում կարողացավ այդպիսի բարձր արդյունք ցույց տալ: Այդ նույն տարում Վահե Վիրաբյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում խմբային վազք դուրս մնալով ձեւում գրավեց 8-րդ տեղը:
Այս տարվա մրցաշրջանը լավ ենք սկսել, արդեն դրական տեղաշարժ կա միջազգային մրցաշարերին մասնակցության առումով, շատ են նաեւ հավաքները: Մասնակցել ենք Աբու Դաբիի, Ուզբեկստանի, Ղազախստանի միջազգային մրցաշարերին եւ ունեցել ենք հաղթողներ մեդալակիրներ: Տուլայի մրցաշարում նվաճել ենք ոսկե եւ բրոնզե մեդալներ:
Այժմ հեծանվորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Մ23 ԵԱ պայքարում կլինեն Վահե Վիրաբյանն ու Արթուր Վալերջյանը: Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հարություն Իսրայելյանը եւ Ալեն Միրզոյանը:
Այս տարի ունենք նաեւ աշխարհի առաջնություն, որին մասնակցելու համար Վահե Վիրաբյանն ու Արթուր Վալերջյանը պետք է համապատասխան միավորներ վաստակեն: Միջազգային մրցաշարերով եւ Եվրոպայի առաջնության արդյունքներով փորձելու ենք առավելագույն միավորները վաստակել: Վահեն եւ Արթուրն, ըստ այս տարվա մեկնարկների արդեն բավականին միավորներ կուտակել են: Եթե Եվրոպայի Մ23 առաջնության արդյունքներով միավորները չլրանան, կփորձենք եւս մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել, այնքան մեկնարկեր ապահովել նրանց, որպեսզի համապատասխան միավորները հավաքվեն եւ աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերեն»,- մանրամասնեց Սամվել Վարդազարյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի