Շատ կուզեի մի օր ներկայացնել Հայաստանը գրեփլինգի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Մինչեւ այդ աշխարհի առաջնությունում հանդես կգամ Ղազախստանի դրոշի ներքո: Եթե ինձ չհաջողվի նպատակս իրականացնել, երազանքս է, որ իմ հայ սաները ներկայացնեն Հայաստանը ազատ ոճի ըմբշամարտում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրեփլինգի Ղազախստանի գավաթի հաղթող, նախկին ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, 40-ամյա գյումրեցի Մարտուն Պետրոսյանը:
Գյումրեցի մարզիկը ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Պատանեկան տարիներին Գյումրիում սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով: Ընտանիքի հետ Ղազախստան տեղափոխվելուց հետո շարունակել է մարզական կարիերան Կարագանդա մարզում: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, բայց Ղազախստանի պատանեկան, երիտասարդական հավաքականներ չի ընդգրկվել քաղաքացիություն չունենալու պատճառով: Որոշ ժամանակ անց ազատ ոճի ըմբշամարտին զուգահեռ զբաղվել է գրեփլինգով:
Մայիսի 23-ին Կարագանդայում անցկացված գրեփլինգի Ղազախստանի գավաթի մրցաշարում 83 կգ քաշայինների պայքարում դարձել է ոսկե մեդալակիր եւ ընդգրկվել հունիսին անցվացվելիք աշխարհի առաջնության կազմ:
«Հայաստանից հեռացել եմ 11 տարեկանում: Ըմբշամարտում առաջին քայլերս արել եմ Գյումրիի Երկաթգծի տեխնիկումի դահլիճում: Իմ տեղեկություններով այդ դահլիճը մինչեւ հիմա գործում է: Տեղափոխվելուց հետո հայրս պնդեց, որ շարունակեմ զբաղվել ըմբշամարտով՝ ազատ ոճով: Ընդունվեցի մարզական քոլեջ, որտեղ սովորում էի եւ մարզվում: Պատանեկան տարիքում Ղազախստանի առաջնության մրցանակակիր եմ դարձել, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակիր եմ»,- ասաց Մարտուն Պետրոսյանը:
Նախկին ըմբիշը պատանիների, երիտասարդների հավաքականներ ընդգրկվելու հնարավորություն չի ունեցել անձնագիր չունենալու պատճառով: Երիտասարդ տարիներին ըմբշամարտին զուգահեռ հետաքրքրվել է գրեփլինգով, որը հետագայում հոբիից դարձել է մասնագիտություն:
«Երիտասարդ տարիներին սկսեցի հետաքրքրվել գրեփլինգով: Սկզբում հոբի էր, շուտով ըմբշամարտի գիտելիքներս, հնարքներ անելու կարողություններն ինձ թույլ տվեցին ավելի խորությամբ զբաղվել գրեփլինգով: Մասնակցեցի մրցաշարերի եւ հաղթանակներ ունեցա: 2013 թ.-ից սկսեցի պրոֆեսիոնալ զբաղվել: Այժմ Ղազախստանի հավաքականի անդամ եմ: 2017 թ. միջազգային մրցաշարի հաղթող դարձա, 2021 թ. դարձա Ղազախտանի չեմպիոն:
Մայիսի 23-ին Ղազախստանի գավաթում նույնպես դարձա հաղթող: Այս մրցաշարը նախընտրական էր հունիսին Ալմաթիում անցկացվելիք գրեփլինգի աշխարհի առաջնության համար:
Գրեփլինգը որպես ոչ օլիմպիական մարզաձեւ պետական ֆինանսավորում չունի: Մրցաշարերին գնում ենք մեր միջոցներով: Սա էլ է եղել պատճառ, որ շատ մրցաշարեր բաց եմ թողել ֆինանսի պատճառով: Հիմա արդեն ֆինանս ունեմ, ուժ ունեմ: 40 տարեկան եմ, բայց իմ քաշային կարգում մրցունակ եմ եւ մեծ ցանկություն ունեմ դեռ շարունակել պայքարս նաեւ որպես մարզիկ: Այժմ պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը եւ մեծ ակնկալիքներ ունեմ այս առաջնությունից: Տեղյակ չեմ՝ Հայաստանից թիմ կմասնակցի առաջնությանը, թե ոչ, բայց կուզեմ, որ մեր տղաներն էլ գան, հաղթեն:
Շատ կուզեի Հայաստանը ներկայացնելու հնարավորություն ունենայի գրեփլինգի աշխարհի առաջնությունում: Միշտ երազել եմ Հայաստանից հանդես գամ: Եթե նման առաջարկ ունենամ Հայաստանի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ»- նշեց Մարտուն Պետրոսյանը:
Մարզական կարիերային զուգահեռ Մարտուն Պետրոսյանը Ղազախստանում հիմնել է ըմբշամարտի մանկապատանեկան ակումբ, որտեղ մարզում է մեծ թվով հայ երեխաների: 2022 թ. իր կողմից ղեկավարվող Salus ակումբը ճանաչվել է «Լավագույն ըմբշամարտի ակումբ», իսկ 2023 թ. Պետրոսյանը ճանաչվել է Կարագանդայի մարզի լավագույն մանկապատանեկան մարզիչ:
«2020 թ. հիմնեցի իմ ակումբը, որտեղ երեխաները զբաղվում են ազատ ոճի ըմբշամարտով: Ինքս եմ մարզում: 80 երեխա ունեմ այս պահին, որոնցից շուրջ 30-ը հայ երեխաներ են: Այստեղ մեծ հայ համայնք կա եւ շատ հեռանկարային երեխաներ ունենք: Իմ նպատակն է նրանց օգնել իրենց մարզական կարիերայի հիմքում, սովորել, թե ինչպես պետք է հայի պատիվը բարձր պահել միջազգային հարթակներում նաեւ հայրենիքից դուրս: Միայն մարզչություն չեմ անում: Շատ ենք զրուցում, փորձում եմ նաեւ որպես հայ նրանց մեծացնել, ինչպես անում են ծնողները, որպեսզի երբեք իրենց արմատները չմոռանան, ձգտեն հետագայում վերադառնալ Հայաստան: Կարծես՝ ստացվում է ինձ մոտ: Երբ հայերն իմանում են, որ հայ մարզիչ կա, ակումբ ունի, բերում են իրենց երեխաներին: Իմ սաների հետ հետեւում ենք մեր հայ մարզիկների, չեմպիոնների մրցելույթներին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում: 2019 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց Ղազախստանում: Ես, իմ սաները դահլիճից հետեւեցինք եւ երկրպագեցինք մեր տղաներին: Փորձում եմ Արսեն Հարությունյանի, Վազգեն Թեւանյանի, Արման Անդրեասյանի օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է աշխատել ու հաղթանակներ ունենալ, Հայաստանի դրոշը ծածանել աշխարհի բոլոր անկյուններում: Մարզումների ընթացքում հիմնականում հայերեն ենք խոսում, որպեսզի լեզուն էլ չմոռանան: Իսկապես իմ երազանքներից մեկն է նաեւ, որ հետագայում այս երեխաները հզոր ըմբիշներ դառնան եւ ներկայացնեն Հայաստանը, նվաճեն տիտղոսներ իրենց հայրենիքի համար:
Ապրիլի 28-30-ը Կարագանդայում անցկացվեց միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից մեծ թվով ըմբիշներ: Այդ մրցաշարին մասնակցեցին իմ սաներից 5-ը, որոնցից երեքը դարձան մեդալակիրներ: 12 տարեկան Դավիթ Մալխասյանը արծաթե մեդալակիր դարձավ: Նա Հայաստանի քաղաքացի է: Ժամանակավոր ապրում են այստեղ: Շատ կուզեմ նա իր մարզական կարիերան շարունակի Հայաստանում եւ հետագայում իր երկրի դրոշի ներքո հանդես գա: Շատ հեռանկարային երեխա է: Էլի հայ տղաներ ունեմ իմ մարզադպրոցում, որոնք նույնպես շատ հեռանկարային են: Իմ սաներից 15-ամյա Արթուր Սարգսյանը շատ նման է Արթուր Ալեքսանյանին: Այդ մասին նրան միշտ ասում եմ, ինքն էլ երազում է Արթուր պես օլիմպիական չեմպիոն դառնալ: Բոլորով հետեւում ենք հայ ըմբիշների գոտեմարտերին»,- մանրամասնեց Մարտուն Պետրոսյանը:
Գյումրեցի գործող մարզիկն ու մարզիչը հայկական ըմբշամարտի մեծ երկրպագու է: Նրա խոսքով, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները աշխարհի ուժեղագույններից են:
«Հայաստանում ըմբշամարտն իսկապես շատ զարգացած է: Հպարտանում եմ մեր տղաներով՝ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան, Արման Անդրեասյան, մյուսները... Նրանք համաշխարհային ըմբշամարտում իսկական օրինակ են եկող սերնդի համար: 2019 թ. աշխարհի առաջնության օրերին հանդիպեցի մեր տղաներին, ծանոթացա եւ լուսանկարվեցի նրանց հետ: Ինձ համար մեծ պատիվ է, որ աշխարհի ուժեղագույնները հայերն են: Ղազախստանում նույնպես շատ զարգացած է ըմբշամարտը, մասնավորապես թեթեւ քաշային կարգերը: Այստեղ ֆավորիտային քաշ է Մալխաս Ամոյանի քաշը: Ինձ համար մեծ պարծանք է, որ Մալխասն այդ քաշի առաջատարներից է: Հայ ըմբիշները բարձրակարգ գոտեմարտեր են անցկացնում: Մեր տղաներին պակասում է միայն մարզումային մրցակցությունը, մրցակիցներ: Այս խնդիրը լուծելու համար պետք է ունենալ ըմբշամարտի շատ մարզադահլիճներ բոլոր մարզերում, գյուղերում:
Նպատակ ունեմ ընտանիքով տեղափոխվել Հայաստան, գրեփլինգի մարզադահլիճ բացել եւ օգնել այս ճյուղի զարգացմանը: Վստահ եմ, որ գրեփլինգում էլ մենք կարող ենք մեծ հաղթանակներ ունենալ ինչպես ըմբշամարտում է»,- ամփոփեց Մարտուն Պետրոսյանը:
Գրեփլինգի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 28-29-ը Ալմաթիում: Մարտուն Պետրոսյանը հանդես կգա 83 կգ քաշային կարգում եւ կներկայացնի Ղազախստանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի