20:36  ,  3 հունիսի, 2025

Ձիասպորտի Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտո)

Ձիասպորտում առաջընթաց կա, ֆեդերացիայում վերջին տարիներին համախմբում եղավ, նժույգներն ավելացան, մարզիկների արդյունքները բարելավեցին: Մեզ պակասում է միջազգային մրցաշարերի փորձը, որը կօգներ ավելի մրցունակ դառնալ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձիասպորտի Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը:

 Երեւանի Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացվեց արգելքների հաղթահարում մրցաձեւի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր տարբեր ակումբների շուրջ 15 մարզիկ:

Առաջնության երկու մրցումային օրերին հաղթողները որոշվեցին Ձիասպորտի կենտրոն, «Միրաժ», «Սիլ», «Արա եւ Այծեմնիկ» ակումբների ներկայացուցիչների միջեւ եւ տարբեր տարիքային խմբերի նժույգներով:

Մրցումային առաջին օրը երեք երթերի արդյունքներով հաղթող ճանաչվեցին՝

Երթ N 1՝ Հայկե-Յաշկե Տոնիկյանը Պեգաս նժույգով (Ձիասպորտի կենտրոն, արգելքների բարձրությունը՝ 70-75 սմ),

Երթ N 2 ՝ Դավիթ Խալաթյան, Աբու-Դաբի նժույգ (Ձիասպորտի կենտրոն, արգելքների բարձրությունը՝ 90-95 սմ),

Երթ N 3՝ Ալբերտ Սուքիասյան, Լոգիկա նժույգ («Սիլ» ակումբ, արգելքների բարձրությունը՝ 1մ, 15 սմ)։

Մրցումային երկրորդ օրը հաղթողներ են դարձել՝

 Երթ N 1 ՝Դավիթ Խալաթյանը՝ Կալիպսո նժույգով (Ձիասպորտի կենտրոն, արգելքների բարձրությունը՝ 75-80 սմ),

Երթ N 2՝ Դավիթ Խաչատրյան, Վալենտին նժույգ («Արա եւ Այծեմնիկ» ակումբ, արգելքների բարձրությունը՝ 95-100 սմ),

Երթ N 3՝ Ալբերտ Սուքիասյան, Լոգիկա նժույգ («Սիլ» ակումբ, արգելքների բարձրությունը՝ 1մ, 20 սմ):

Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը գոհ է մրցաշարի արդյունքներից: Նրա խոսքով ձիասպորտում առաջընթաց կա:

«Շուրջ 10 տարի Հայաստանի առաջնության գլխավոր մրցավարն եմ: Առաջընթաց ունենք: Մասնակիցներ շատ ունենք, նժույգների խնդիր ենք ունեցել նախկինում: Այժմ աստիճանաբար ձիերը շատանում են: Ունենք եվրոպական ձիեր, քիչ-քիչ առաջ ենք գնում:

Երեք ենթախմբերով անցկացրինք այս տարվա մրցաշարը, որից յուրաքանչուրում 8-10 մասնակից ունեցանք: Մասնակիցների քանակն ավելանալու տեղ կա: Ձիասպորտի ֆեդերացիան մրցունակ ձիեր ունի, յուրաքանչյուր ակումբից 3-4 ձի: Այս մրցաշարում զգացվեց, որ ձիերի մոտ աճ կա, թռիչքները լավն են, տղաները նույնպես դառնում են մրցունակ: Ի դեպ, տեղեկացնեմ, որ այս օրերին Աստանայում անցկացվում է միջազգային մրցաշար, որտեղ ունենք մեկ մասնակից: Նրա արդյունքները գոհացնող են: Ալբերտ Սուքիասյանն է մեր առաջատարներից, լավ արդյունքներ է գրանցում: Նրա հետեւից եկող սերունդը հեռանկարային է: Հոսք կա դեպի մարզաձեւ փոփոխություն:

Այս պահին մեզ պակասում է միջազգային մրցաշարերի փորձը: Եթե փորձենք հաղթահարել Կովկասը, կկարողանանք արդեն բարձր նշաձող սահմանել մեզ համար: Ասես՝ ամեն ինչ նոր ենք սկսում: Նախկինում ունեինք ձիերի խնդիր, ֆինանսի պակաս: Լավ ձիեր ունենալու համար էլ ֆինանս է պետք:

Հիմա արդեն շարժ կա, առաջընթաց է նկատվում ֆեդերացիայի գործունեությունում, համախմբում եղավ: Հայաստանի առաջնության այս տարվա մրցումները արդեն մոտ էին B կատեգորիային: Սա ուրախացնող է:

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի միջազգային մրցաշար, իսկ մինչեւ այդ կանցկացնենք պոլո մրցաշար՝ ձիասպորտի ֆուտբոլ»- ասաց Միքայել Ղազարյանը:

Ձիասպորտի Հայաստանի հավաքականի առաջատար Ալբերտ Սուքիասյանը առաջնությունում մի քանի երթում դարձել է հաղթող:

 «8 տարեկանից զբաղվում եմ ձիասպորտով եւ պարբերաբար մասնակցել եմ Հայաստանի առաջնություններին։ Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացրին նժույգների տարիքային խմբերով՝ ըստ տարիքային կարգերի: Նախկինում միասնական էին մասնակցում, մրցաշարն էր ըստ կարգերի: Այսպես ձիերին հնարավորություն է տրվում մրցել իրենց տարիքային խմբում, զարգանալ, հետո նոր մասնակցել մրցաշարերի:

Այս առաջնությանը մասնակցեցի երկու նժույգով բարձր կարգում, այսինքն՝ 8 տարեկան եւ ավել տարիքային խմբում:

Անցած տարի Թբիլիսիում մասնակցեցի աշխարհի գավաթի խաղարկությանը CSI 1 աստղ, որտեղ 6-րդ տեղն եմ զբաղեցրել: 

Հայաստանում ձիասպորտով զբաղվելու պայմաններ ունենք: Մարզաձեւում զարգացման աճ կա, ամեն մրցաշարին ինչ-որ մի աստիճան առաջընթաց է նկատվում ինչպես մասնակիցների, այնպես էլ նժույգների մոտ: Արգելքների հաղթահարում մրցաձեւում ամեն տարի նկատվում է բարձրությունների ավելացում: Աստիճանաբար մոտենում ենք միջազգային լուրջ մակարդակին:

Հայաստանում ունենք բավականին լավ նժույգներ գերմանական, անգլիական ցեղատեսակի: Մրցումների քանակը ավելացնելով՝ որակական աճ կունենանք: Իմ կարծիքով առաջիկա տարիներին միջազգային մրցահարթակներում կտեսնենք արդյունքներ»,- նշեց Ալբերտ Սուքիասյանը:

Ձիասպորտի Հայաստանի առաջնության հաղթողներին պարգեւատրեց ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print