17:27  ,  30 նոյեմբերի, 2012

Ռաֆայել Սիմոնյան. Հաղթանակը դժվարությամբ տրվեց

Հաղթանակը դժվարությամբ տրվեց, վրացի հակառակորդս ուժեղ էր: Այսպես բնութագրեց Երեւանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում րոպեներ առաջ Վրաստանի ներկայացուցչին 19:8 հաշվով պարտության մատնած 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Երեւանում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանը հանդես է գալի հինգ մասնակցով:

Րոպեներ առաջ կայացավ աշխարհի առաջնության երկրորդ օրվա երկրոդ հայ բռնցքամարտիկի մենամարտը: 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Դաթա Կվիրկվելիայի նկատմամբ` 19:8 հաշվով:

Առաջին ռաունդում Ռաֆայել Սիմոնյանը պարտվեց վրացի մարզիկին 3:4  հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն Ռաֆայելը ավելացրեց իր տեմպն ու վստահ հաղթանակ տարավ` 10:2 հաշվով: Երկրորդ ռաունդում վրացի բռնցքամարտիկը մի քանի վայրկյան կորցրեց գիտակցությունը, սակայն վայր չընկավ եւ կարողացավ շարունակել մենամարտը: Արդեն երրորդ ռաունդում Ռաֆայել Սիմոնյանը 5:3 հաշվով լիարժեք հաղթանակ գրանցեց իր հաշվին` 19:8 հաշվով առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:

«Այս հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց, քանի որ հակառակորդս ուժեղ մրացկից էր: Առաջին ռաունդում թույլ էին հարվածներս, շնչառությունս չէի կարողանում ճիշտ ղեկավարել: Երկրորդ ռաունդում արդեն ֆիզիկական ուժս ավելացրեցի եւ շնչառությունս կարգավորեցի ու սկսեցի տեմպ տալ հարվածներիս: Ինձ այս մենամարտում շատ օգնեց դահլիճի աջակցությունը:

Սա իմ առաջին մասնակցությունն է աշխարհի առաջնությունում, երկու անգամ մասնակցել եմ Եվրոպայի առաջնության:

Այս առաջնության հետ մեծ ծրագրեր ունեմ: Նպատակս բոլոր մենամարտերը հաղթանակով ավարտելն է եւ 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելն ու Խաղերին մասնակցելը»,- մենամարտից հետո ասաց Ռաֆայել Սիմոնյանը:

Ռաֆայել Սիմոնյանը բռնցքամարտով զբաղվում են 6 տարի: Անձնական մարզիչն է Գեւորգ Միսակյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում